Սպառողները հեշտությամբ կտարբերեն կաթ
պարունակող մթերքը կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ կամ առանց դրա: Այս նպատակով
մակնշման վերաբերյալ մի շարք ճշգրտումներ են կատարվում: «Կաթի և կաթնամթերքի անվտանգության
մասին» Մաքսային միության կանոնակարգին համապատասխան փոփոխությունները ընդունվել են
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի N 102 որոշմամբ
և ուժի մեջ կմտնեն այս տարվա հուլիսի 16-ին:
Արտադրողը պարտավոր է տեղեկություններ
նշել կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ կաթ պարունակող մթերքում բուսական յուղերի
առկայության մասին: «Պարունակում է բուսական յուղեր» մակագրությունն ավելացվում է փաթեթվածքի
կամ պիտակի վրա հատուկ առանձնացված տեղեկատվական դաշտում, ընդ որում տառատեսակի գույնը
պետք է հակադրվի դաշտի գույնին:
Կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ
կաթ պարունակող մթերքի անվանումը պետք է սկսվի «կաթ պարունակող մթերք` կաթնային յուղի
փոխարինողի ավելացմամբ» բառերից: Բացառություն է կազմում սերուցքաբուսական սպրեդը,
հալած սերուցքաբուսական խառնուրդ, պաղպաղակ` կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ:
Նման կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ
կաթ պարունակող մթերքի արտադրության տեխնոլոգիայի մասին տեղեկատվությունը նշվում է
«տեխնոլոգիայով արտադրված (պատրաստված)» բառերին ավելացնելով համապատասխան կաթնամթերքի
համար սահմանված հասկացությունը: Օրինակ, «կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ կաթ
պարունակող մթերք, որը պատրաստված է թթվասերի տեխնոլոգիայով», «կաթնային յուղի փոխարինողի
ավելացմամբ կաթ պարունակող մթերք, որը պատրաստված է կաթնաշոռի տեխնոլոգիայով»:
Ընդ որում կաթնային յուղի փոխարինողի
ավելացմամբ կաթ պարունակող մթերքի անվանման մեջ «մթերք» բառը կարող է փոխարինվել մթերքի
կոնսիստենցիան կամ կառուցվածքը բնորոշող ընդհանուր տեխնիկական եզրույթով` կրեմ, մածուկ,
սոուս և այլն:
Կաթ պարունակող մթերքի և կաթնային յուղի
փոխարինողի ավելացմամբ կաթ պարունակող մթերքի համար չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգով
կաթի և կաթնամթերքի համար սահմանված հասկացությունների, դրանց տարբեր համադրությունների
օգտագործումը, այդ թվում անվանումներում և ապրանքային նշաններում, նման մթերքի մակնշման
ժամանակ, ցանկացած նպատակով օգտագործման համար, որոնք կարող է մոլորեցնել սպառողին:
Բացառվում է նաև պիտակներին այնպիսի բառերի օգտագործումը, որոնք կազմված են կաթնամթերքի
անվանումների օգտագործմամբ, օրինակ` «պանրանման», «պանրային», «պանրարտադրած», «շրդանային»,
«թթվասերիկ», «կաթնաշոռիկ», «սերուցքիկ», «կարագիկ» և այլն:
Համաձայն ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի
մարտի 20-ի N 40 որոշման, սահմանվել են տեխկանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու
վերաբերյալ անցումային դրույթները: Դրանք սահմանում են, որ մինչև 2019 թվականի հունվարի
16-ը Եվրասիական տնտեսական միությունում գործարարները կարող են արտադրել ու վաճառել
կաթ պարունակող մթերքը հին մակնշմամբ, եթե ունեն մինչև այս ճշգրտումների ուժի մեջ մտնելը
տրված փաստաթղթեր տեխկանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին:
Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում արտադրված արտադրանքի
շրջանառությունը թույլատրվում է մինչև սպառողի նշած պիտանիության ժամկետի սպառվելը:
Տեղեկագիր
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության
տեխնիկական կանոնակարգի փոփոխություններն ընդունվել են ԵՏՀ Խորհրդի 2017 թվականի նոյեմբերի
10-ի N 102 որոշմամբ: Վերջիններիս նպատակն է պահանջներ սահմանել կաթ պարունակող մթերքի
մակնշման, պիտակի վրա տեղեկատվություն նշելու կանոնների, կաթ պարունակող մթերքի և կաթնային
յուղի փոխարինողի ավելացմամբ կաթ պարունակող մթերքի անվանումներում մթերքի հումքային
բաղադրությունը բնորոշող հասկացությունների օգտագործման նկատմամբ: Տեխկանոնակարգում
կատարված փոփոխությունները ճշգրտել ու լրացրել են կաթ պարունակող մթերքի դասակարգումը: