Вход
Միխայիլ Մյասնիկովիչ․ «ԵԱՏՄ պետությունների տնտեսություններն ի վիճակի են հարմարվել լուրջ համաշխարհային մարտահրավերներին»

Միխայիլ Մյասնիկովիչ․ «ԵԱՏՄ պետությունների տնտեսություններն ի վիճակի են հարմարվել լուրջ համաշխարհային մարտահրավերներին»

31.07.2020
Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հուլիսի 31-ին կայացած «Վերականգնումից դեպի կայուն աճ» միջազգային ներդրումային առցանց կոնֆերանսին։

Ինչպես ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը, 2020 թվականն իրական մարտահրավեր է դարձել Եվրասիական տնտեսական միության պետությունների կայուն զարգացման ապահովմանը։  Դրա հետ մեկտեղ իրավիճակը չի կարելի համարել կրիտիկական․ վերականգնումը համավարակից հետո նոր հնարավորություններ է բացում։

«Անշուշտ, խնդիրներ կան, սակայն կրիտիկական իրավիճակ, հատկապես նյութական արտադրության ոլորտներում, չկա։ Դա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունները բավական լուրջ առաջադիմել են իրենց զարգացման մեջ և ի վիճակին են հարմարվել համաշխարհային մարտահրավերներին։ Ընթացիկ տարվա հինգ ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ի ապրանքաշրջանառությունը նվազել է 16,2%-ով՝ մինչև 246,7 մլրդ դոլար, բայց դա, հիմնականում, նավթի գործոնն է։ Ինչ վերաբերում է փոխադարձ առևտրին, այն կրճատվել է 15%-ով՝ մինչև 19,6 մլրդ դոլար, սակայն այժմ մենք արդեն նկատում ենք բավական էական վերելք։ Դա վկայում է ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցական կապերի տնտեսական կայունության և հուսալիության մասին»,  – հայտնել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա հավելել է, որ գյուղատնտեսության արտադրանքի արտադրությունն աճել է 1,3%-ից (Ղրղզստան) մինչև 4,1% (Հայաստան, Բելառուս), իսկ ընդհանուր առմամբ Միությունում՝ 3%-ով։ Դրա հետ միասին անդամ պետություններում սղաճի էական աճ տեղի չի ունեցել։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր բարձր մրցունակ արտադրություններ, որոնցով հնարավոր կլինի ապահովել ինչպես ներքին շուկայի պահանջարկը, այնպես էլ գրավել արտաքին գործընկերներին։ Ներկայումս, նրա խոսքերով, Միությունում նախանշվում է ներդրումային նախագծերի մի ամբողջ շարքի իրագործում, որոնք իրենցից ներկայացնում են Միության զարգացման նոր ուղղություններ և կարող են դառնալ ինտեգրացիայի զարգացման յուրատեսակ անդարձության կետը։  Դրանք են թվային օրակարգը, շինարարության, գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության ոլորտում նախագծերը, պատրաստի դեղամիջոցների համատեղ արտադրությունը։

«Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում տեխնոլոգիական շղթաների ստեղծման հարցերին։ Եթե նախկինում ներմուծման փոխարինման ծրագրերի շրջանակներում տնտեսությունները գործում էին սեփական հնարավորությունների սահմաններում, ապա այժմ մենք խոսում ենք այն բանի մասին, որ  գտնվելու վայրը պետք է հաշվի առնել անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է ստեղծվել ավելացված արժեքը։  Դա հնարավորություններ է տալիս եվրասիական ապրանքների շուկայի ձևավորման համար», – ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Չնայած համաշխարհային տնտեսական զարգացման մեջ նախանշվող առանձնացածության միտումներին, ընդգծվել է կառուցողական միջազգային փոխգործակցության կարևորությունը, նշվել են աշխատանքի հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) միջև համագործակցության մասով։

Առցանց կոնֆերանսին մասնակցել է 42 երկրի ներկայացուցիչ, այն կազմակերպվել է Բելառուսի Հանրապետության Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալությունը՝ ՅՈՒՆԿԹԱԴ-ի աջակցության ներքո։ Կոնֆերանսի շրջանակներում նաև հանդես են եկել Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ, ԵՏՀ Խորհրդի նախագահ Իգոր Պետրիշենկոն, Համաշխարհային տնտեսական համաժողովի, ՅՈՒՆԿԹԱԴ-ի, փորձագիտական և բիզնես համայնքների ներկայացուցիչները։​