Вход
Եվրասիական տնտեսական միությունն անցել է համաշխարհային առաջատարների շարքը մշակող արդյունաբերության աճի տեմպերով

Եվրասիական տնտեսական միությունն անցել է համաշխարհային առաջատարների շարքը մշակող արդյունաբերության աճի տեմպերով

25.03.2020

Մշակող արդյունաբերության աճը Եվրասիական տնտեսական միությունում 2019 թվականին կազմել է 2,5%։ Արդյունաբերական արտադրությունն ավելացել է ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ամփոփել է Միության պետությունների արդյունաբերության անցած տարվա աշխատանքի արդյունքները։

Ինչպես նշել է ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, աճի բարձր տեմպերը թույլ են տվել Միությանն անցնել մշակող արդյունաբերության արտադրանքի թողարկման ավելացմամբ համաշխարհային առաջատարների շարքը։ Մասնավորապես, Միության արդյունաբերությունը անցած տարվա IV-րդ եռամսյակում աճի տեմպերով գերազանցել է համաշխարհային մշակող արդյունաբերության աճի շարժընթացը (2,6% աճ ԵԱՏՄ-ում՝ աշխարհում 0,7% աճի համեմատ), ինչպես նաև ոչ միայն տնտեսապես զարգացած, այլև, Չինաստանից բացի՝ զարգացող երկրների ցուցանիշները։

Տարածաշրջանի կտրվածքով ԵԱՏՄ-ն արդյունաբերական արտադրության տեմպերի աճով գերազանցում է Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի շատ երկրներին, զիջելով մշակող արդյունաբերության աճի տեմպերով միայն այդ ցուցանիշով համաշխարհային առաջատարին՝ Չինաստանին (5,8% աճ)։

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալների ավելացման տեմպերով առջևում են Հայաստանը (9% աճ) և Ղրղզստանը (6,9% աճ)։ Ղազախստանում արդյունաբերական արտադրությունն ավելացել է 3,8%-ով, Ռուսաստանում՝ 2,4%-ով, Բելառուսում՝ 1%-ով։  Ընդ որում, եթե Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում արդյունաբերական արտադրության ավելացման տեմպերն անցած տարվա համեմատ որոշ չափով նվազել են, ապա Հայաստանում և Ղրղզստանում, ընդհակառակը, նկատվում է էական արագացում։

Արդյունաբերական արտադրության ծավալների ավելացում գրանցվել է մշակող արդյունաբերության ճյուղերի մեծամասնությունում՝ 21 ճյուղից 16-ում։

Աճի լավագույն տեմպերն են ցուցադրում դեղագործությունը (18,3%-ով), պատրաստի մետաղե արտադրատեսակները (8,9%-ով), էլեկտրոնային օպտիկական արդյունաբերությունը (7,7%-ով), կահույքագործական արդյունաբերությունը (6,4%-ով), թղթի և թղթյա արտադրանքի արտադրությունը (4,5%-ով), փայտամշակումը (4,4%-ով), շինանյութերի արդյունաբերությունը (4,3%-ով), ինչպես նաև սննդի արդյունաբերությունը (4%-ով)։

2019 թվականին ԵԱՏՄ-ի կոոպերացիոն համագործակցության զարգացումը շարունակվել է։ Կոոպերացիոն մատակարարումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,5%-ով։

Կոոպերացիոն մատակարարումների արժեքային արտահայտությամբ աճի առաջանցիկ տեմպեր են նկատվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են այլ տրանսպորտային միջոցների և սարքավորումների արտադրությունը (աճի 75,7%), սննդամթերքի, ըմպելիքի ու ծխախոտային ապրանքների արտադրությունը (աճի 21,1%), ավտոմեքենաշինությունը (աճի 19,7%), դեղագործական արդյունաբերությունը (աճի 10,9%), հագուստի արտադրությունը (աճի 9,7%), մեքենաների և սարքավորումների արտադրությունը (աճի +6,7%), էլեկտրոնային օպտիկական արդյունաբերությունը (աճի 4,1%)։

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ-ի պետությունների արդյունաբերության վիճակի ակնարկը տեղակայված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հղումով։​