Вход
Ընդունվել է ԵԱՏՄ-ի մայրուղային խողովակաշարերի տեխնիկական կանոնակարգը

Ընդունվել է ԵԱՏՄ-ի մայրուղային խողովակաշարերի տեխնիկական կանոնակարգը

24.12.2020

ԵՏՀ Խորհուրդը հաստատե է Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տեղափոխման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը։ Այն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ին։

Փաստաթուղթը սահմանում է կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված  մայրուղային խողովակաշարերի նկատմամբ՝ դրանց նախագծման (ճարտարագիտական հետազոտությունները՝ ներառյալ), շինարարության (վերակառուցման), շահագործման (ընդունման և շահագործման հանձնման, կոնսերվացման), օգտահանման (լիկվիդացման) ժամանակ, ինչպես նաև դրանց համապատասխանության գնահատման կանոնները։ 

Տեխնիկական կանոնակարգը դիտարկում է մայրուղային խողովակաշարը որպես միասնական արտադրատեխնոլոգիական համալիր, որը բաղկացած է փոխկապակցված օբյեկտներից և կառույցներից, և նախատեսված է հեղուկ կամ գազանման ածխաջրածինների տեղափոխման համար։

Չի տարածվում գազաբաշխման և գազասպառման  ցանցերի խողովակաշարերի վրա,  ավտոնոմ գազամատակարարման և ավտոմոբիլային գազալցման կոմպրեսորային կայանների խողովակաշարերի, ծովային խողովակաշարերի, արդյունահանական և միջարդյունահանական խողովակաշարերի, թեթև ածխաջրածինների լայն ֆրակցիայի և հեղուկացված ածխաջրածնային գազերի  տեղափոխման համար նախատեսված խողովակաշարերի, ինչպես նաև ածխաջրածնային հումքի արդյունահանման և (կամ) վերամշակման տեխնոլոգիական գործընթացների իրականացման և ապահովման համար նախատեսված խողովակաշարերի վրա։

Տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում այն օբյեկտների վրա, որոնք՝ շահագործման են հանձնվել մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը, որոնց շինարարությունը (վերակառուցումը) իրականացվում է այնպիսի նախագծային փաստաթղթերին համապատասխան, որոնք հաստատվել կամ պետական փորձաքննության են ուղարկվել մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը, որոնց շինարարության (վերակառուցման) թույլատվությունը ստացվել է մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը։

Մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պարտադիր պահանջները հիմնվում են Միության պետությունների գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների վրա, ինչպես նաև հաշվի են առնում տեխնիկական կարգավորման միջազգային համակարգերի ակտերի վերլուծությունը։

Տեխնիկական կանոնակարգի ընդունումն ապահովելու է գազի, նավթի և նավթամթերքների տեղափոխման համակարգերի գործելը, ինչպես նախատեսվել է Միության գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրերով (հաստատվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2018 թվականի, համապատասխանաբար՝ դեկտեմբերի 6-ի N 18 և N 23 որոշումներով)։ ​