Вход
Ղրղզստանում գնաճը 2020 թ.-ի արդյունքներով գերազանցել է ԵԱՏՄ նպատակային կողմնորոշիչը

Ղրղզստանում գնաճը 2020 թ.-ի արդյունքներով գերազանցել է ԵԱՏՄ նպատակային կողմնորոշիչը

03.03.2021

Գնաճի նպատակային կողմնորոշիչը Եվրասիական տնտեսական միության երկրներում 2020 թ.-ի արդյունքներով կազմել է 8,7%, իսկ 2019 թ.-ի համեմատ աճել է 3%-ով: Միևնույն ժամանակ, Ղրղզստանում գնաճը գերազանցել է ԵԱՏՄ նպատակային կողմնորոշիչը, որի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2021 թվականին Ղրղզստանի համար մշակելու է տնտեսական միջոցների հանձնարարականներ: Այդ մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մակրոտնտեսական քաղաքականության վարչության վերլուծական նյութերում:

Գնաճի նպատակային կողմնորոշիչը ԵԱՏՄ երկրներում հաշվարկվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածի հիման վրա: Դրա համաձայն պետությունները պետք է ձևավորեն տնտեսական քաղաքականությունը այնպես, որ գնաճի մակարդակը 5 տոկոսային կետից ավելի (տ.կ.) չգերազանցի այն անդամ պետության գնաճի մակարդակը, որում այդ ցուցանիշն ունի ամենացածր նշանակությունը: 2020 թ.-ի արդյունքներով ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում՝ 3.7%: Այդ ցուցանիշի հիման վրա հաշվարկվել է նպատակային կողմնորոշիչը:

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գնաճը կազմել է 5,4%, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում՝ 7,4%, Ղազախստանի Հանրապետությունում՝ 7,5%, Ղրղզստանի Հանրապետությունում՝ 9,7%; Ռուսաստանի Դաշնությունում՝ 4,9%: Միջինում՝ 2019 թ.-ի համեմատ, գնաճն արագացել է 1.9 - 3.0 տ.կ.-ով, բացառությամբ Ղրղզստանի, որտեղ սպառողական գների աճի տեմպերն ավելացել են 6,6 տ.կ.-ով:

Պարենի գների աճը մեծ ազդեցություն է ունեցել ԵԱՏՄ երկրներում գնաճի արագացման վրա: Դրանց ներդրումը Ղղզստանում գնաճի մեջ կազմել է 5,7 տ. կ., Հայաստանում՝ 3,3 տ. կ., Ռուսաստանում՝ 1,5 տ. կ.:

ԵԱՏՄ այլ երկրներում գերակշռել են այլ գործոններ: Բելառուսում գնաճը զգալիորեն արագացել է ոչ պարենային գնաճի պատճառով (1,4 տ.կ.), Ղազախստանում՝ ծառայությունների գների աճի պատճառով (1,2 տ.կ.), այդ թվում՝ կոմունալ (0,8 տ.կ.): 

Պարենային գնաճի արագացումը հիմնականում կապված է ԵԱՏՄ երկրներում որոշակի գյուղատնտեսական մշակաբույսերի անբերքատվության, ինչպես նաև մասնավոր գործոնների հետ: Օրինակ՝ Ղրղզստանում պարենային գնաճը աճել է հիմնականում 2020 թ.-ի չորրորդ եռամսյակում մսի և մսամթերքի կտրուկ թանկացման հետևանքով (1,8 տ.կ.)՝ անասունների ներմուծման հետ կապված խնդիրների պատճառով: Տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրները ակտիվորեն միջոցներ են ձեռնարկել գնաճային ճնշումները հաղթահարելու համար, այդ թվում՝ սահմանափակել պարենային հումքի արտահանումը, կարգավորել սոցիալական կարևոր ապրանքների գները:

Ինչպես նշվում է նյութում, COVID-19 համավարակը բազմաբնույթ ազդեցություն է ունեցել ԵԱՏՄ-ում գնաճի վրա: Մասնավորապես, արագացել է դեղորայքի գների աճը՝ դրանց պահանջարկի կտրուկ ավելացման պատճառով: 

Նաև արագացել է ուղևորատար տրանսպորտի՝ հիմնականում օդային տրանսպորտի, ծառայությունների գների աճը՝ միջազգային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով: Բացի այդ, կտրուկ անկում են ունեցել նավթի համաշխարհային գները, ինչն ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունեցել ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների թուլացման վրա: Այդ պատճառով ներմուծվող ապրանքների գները նույնպես աճել են:

Կենտրոնական (ազգային) բանկերի կանխատեսումների համաձայն՝ ԵԱՏՄ երկրներում գնաճը այս տարվա առաջին եռամսյակում հասնելու է գագաթնակետին, տարեվերջին աստիճանաբար նվազելու և մնալու է ազգային նպատակային կողմներոշիչներին մոտ: 

2020 թվականի արդյունքները ցույց են տալիս, որ սպառողական գների տատանումները նվազեցնելու համար ԵԱՏՄ երկրների համար կարևոր է գյուղատնտեսական և պարենային ապրանքներից ներմուծման կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել՝ զարգացնելով ներքին արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև ժամանակին ձեռնարկել համապատասխան հակագնաճային միջոցներ:

 Տեղեկանք

Սա Հանձնաժողովի առաջին հանձնարարականն է Ղրղզստանի համար՝ կապված ԵԱՏՄ գնաճի նպատակային կողմնորոշիչը գերազանցելու հետ: Հանձնարարականները մշակվում են Միությունում հաստատված նորմատիվ իրավական բազայի համաձայն: Միության նորմատիվ բազան ընդունելուց հետո երկրների համար մշակվել և ընդունվել են 13 հանձնարարականներ, որից 4 հանձնարարականներ ընդունվել են գնաճը գերազանցելու պատճառով (Բելառուսի Հանրապետության համար՝ 2017 և 2019 թվականներին, Ղազախստանի Հանրապետության համար՝ 2016 թվականին, Ռուսաստանի Դաշնության համար՝ 2017 թվականին):​