Вход
ԵԱՏՄ երկրները միասնացնում են ներմուծվող տոհմային արտադրանքին ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ երկրները միասնացնում են ներմուծվող տոհմային արտադրանքին ներկայացվող պահանջները

23.12.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան դեկտեմբերի 22-ին հաստատել է «Գյուղատնտեսական կենդանիներին և դրանց արտադրանքը (նյութը) որպես տոհմային դասակարգելու մոտեցումների միասնացման մասին» հանձնարարականը։

Եվրասիական տնտեսական միության պետություններին հանձնարարվել է անցկացնել երրորդ երկրներից, մասնավորապես, ներմուծվող տոհմային արտադրանքի որակի հսկողություն։ Բացի այդ, իրականացնել անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությամբ գյուղատնտեսական կենդանիներին որպես տոհմային դասակարգում, ինչպես նաև ապահովել պայմաններ, որոնց համաձայն ներմուծման ենթակա տոհմային կենդանիները և դրանց արտադրանքը ունեն նույնականացման համարներ, որոշակի գենետիկական հիվանդությունների կրողներ չեն հանդիսանում և ուղեկցվում են սելեկցիոն տոհմային աշխատանքի մեջ հետագա օգտագործման համար տեղեկատվություն պարունակող համապատասխան փաստաթղթերով։

Հաշվի առնելով, որ տոհմային հոտերի մթերատվության միջին մակարդակը Միության երկրներում էապես տարբերվում է, հանձնարարականը անդամ պետությունների համար նախատեսում է անհրաժեշտության դեպքում ներմուծվող տոհմային արտադրանքի որակին ներկայացվող լրացուցիչ պահանջներ սահմանելու հնարավորություն։  Օրինակ՝ դրա նվազագույն մթերատվության և տոհմային արժեքի նկատմամբ։

Հանձնարարականի դրույթները հավասարեցնում են ներմուծվող տոհմային արտադրանքին ներկայացվող պահանջները ԵԱՏՄ-ի շրջանակներում գենետիկական փորձաքննության, ցեղատեսակի և ցեղայնության որոշման, տոհմային կենդանիների մասին տեղեկությունների կազմի մասով կիրառվող համանման պահանջներին։

«Անդամ պետությունների կողմից հանձնարարականի դրույթների իրականացումն ապահովելու է գյուղատնտեսական կենդանիներին և դրանց արտադրանքը որպես տոհմային դասակարգելիս մոտեցումների միասնացումը, սելեկցիոն տոհմային աշխատանքի մեջ օգտագործման համար տոհմային արտադրանքի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության որակի բարձրացումը, անորակ տոհմային արտադրանքի և գենետիկական հիվանդություններ կրողների ներմուծման նվազեցումը», – նշել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։

Փաստաթուղթը մշակվել է ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան՝ միութենական երկրների լիազորված մարմինների, բիզնեսի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդատվությունների արդյունքներով։ Փորձագետների կարծիքով, Կոլեգիայի հանձնարարականը դրական ազդեցություն է ունենալու Միությունում սելեկցիոն աշխատանքի զարգացման և տոհմային արտադրանքի առևտրի վրա։​