Вход
ԵՏՀ-ն և Կուբան՝ որպես ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետություն, ձևավորում են առաջիկա երեք տարվա համագործակցության պլանները

ԵՏՀ-ն և Կուբան՝ որպես ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետություն, ձևավորում են առաջիկա երեք տարվա համագործակցության պլանները

23.12.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի համագործակցության գործնական կողմերը՝ Հավանային Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի տրամադրումը հաշվի առնելով, քննարկել են ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը և Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Անտոնիա Գարմենդիա Պենյան դեկտեմբերի 22-ին կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։ Հանդիպումը կայացել է ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։

Գոհար Բարսեղյանը Հանձնաժողովի անունից շնորհավորել է Կուբայի Հանրապետությանը  Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 11-ին կայացած նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված որոշման կապակցությամբ, նշելով, որ ԵՏՀ-ին և Կուբայի Հանրապետության կառավարությանը սպասում է համագործակցության հագեցած, ակտիվ օրակարգ, որը լրացնելու է Փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակներում արդեն ստեղծված փոխգործակցությանը։  

«Մենք շատ ուրախ ենք ստանալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակը, այդ որոշումը ուրախությամբ են ընդունել Կուբայում։ Մեր համագործակցության խորացումը բազմաթիվ հեռանկարային հնարավորություններ է ընձեռում հետագա փոխգործակցության զարգացման համար, առաջին հերթին, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտրատնտեսական համագործակցությունը և տեխնոլոգիաների փոխանակումը», – ասել է Գարմենդիա Պենյան։

Հիմնական ուշադրությունը զրույցի ընթացքում կողմերը հատկացրել են առաջիկա երեք տարվա համագործակցության օրակարգի ձևավորման հարցին։   ԵՏՀ-ի առաջարկները պարունակող 2021-2023 թվականների Համատեղ միջոցառումների նոր պլանի նախագիծը դիվանագիտական խողովակներով հանձնվել է կուբայական կողմին՝
 պատասխան առաջարկների ներկայացման համար։ Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել
 ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Կուբայի փոխվարչապետ Ռիկարդո Կաբրիսաս Ռուիսի միջև այս տարվա սեպտեմբերին Հանձնաժողովում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։

«Մենք պատրաստ ենք օպերատիվորեն մշակել կուբայական կողմի պատասխան առաջարկները, որպեսզի 2021 թվականի սկզբում հասնել պլանի վերջնական համաձայնեցմանը և անցնել դրա իրականացմանը», – նշել է Գոհար Բարսեղյանը։ 

Պլանը ներառելու է համագործակցության՝ ինչպես ընդհանուր (կազմակերպչական) հարցեր, որոնք կապված են փոխգործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման հետ, այնպես էլ անմիջապես Փոխըմբռնման մասին հուշագրում նշված՝ համագործակցության բնագավառներում փոխգործակցության հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Կուբայի Հանրապետության գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման հետ կապված հարցեր։

ԵՏՀ-ի և Կուբայի Հանրապետության ներկայացուցիչները շեշտադրել են անդամ պետությունների և Կուբայի գործարար շրջանակների միջև շփումների հաստատմանն աջակցելու կարևորությունը։ Բիզնես համայնքի ներկայացուցիչները հրավիրվելու են մասնակցելու ինչպես ԵՏՀ-ի և Կուբայի կառավարության միջև 2018 թվականի մայիսի 31-ի Հուշագրին համապատասխան ստեղծված փոխգործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի
գծով միջոցառումներին, այնպես էլ անդամ պետություններում կազմակերպվող եվրասիական թեմատիկային նվիրված առաջատար կոնգրեսացուցահանդեսային  միջոցառումներին։   Խոսքը վերաբերում է այնպիսի համաժողովներին, ինչպիսիք են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, Աստանայի տնտեսական համաժողովը, Եվրասիական տնտեսական համաժողովը և այլն։ Որոշում է ընդունվել նաև  կուբացի գործընկերներին ներգրավել ԵՏՀ փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի գործունեության շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

«Հենց բիզնես նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է հանդիսանում ինտեգրացիայի հաջողակ զարգացման գլխավոր ցուցանիշներից մեկը», – նշել է Գոհար Բարսեղյանը։

Գոհար Բարսեղյանը նաև տեղեկացրել է դեսպանին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից հաստատված Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարության մասին, որը, Միության միասնական շուկայի ստեղծման ամբիցիոզ պլաններից և «հնգյակի» երկրների տնտեսական  ինտեգրացիայից բացի, նախատեսում է ԵԱՏՄ-ի՝ որպես ժամանակակից աշխարհի զարգացման կենտրոններից մեկի ձևավորումը։ Այդ նպատակին հասնելու համար մնացածից բացի նախատեսվում է ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստացած պետությունների կառավարությունների հետ ԵՏՀ-ի համատեղ գործողությունների պլանների ձևավորում և իրականացում։​