Вход
ԵՏՀ-ում գոյանալու է թվային տնտեսության չափման հարցերով աշխատանքային խումբ

ԵՏՀ-ում գոյանալու է թվային տնտեսության չափման հարցերով աշխատանքային խումբ

21.10.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևի նախագահության ներքո անցկացված Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի տասնհինգերորդ նիստին քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) վիճակագրական գործունեության արդյունքները և հաստատել են անդամ պետությունների հետ համաձայնեցված՝ վիճակագրական աշխատանքների անցկացման 2020 թվականի և մինչև 2025 թվականը ժամանակահատվածի պլանը։ Բացի այդ, հավանություն է ստացել Խորհրդատվական կոմիտեին առընթեր թվային տնտեսության չափման հարցերով աշխատանքային խմբի ստեղծման առաջարկը։

«2020 թվականին ավարտվում է ներկայումս գործող՝ ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրացիայի զարգացման ծրագրի իրականացումը, – նշել է Սերգեյ Գլազևը։ – Կարևոր է արդեն այսօր որոշել հետագա՝ անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական խնդիրները»։

Կոմիտեի անդամները հավանություն են տվել Վիճակագրական աշխատանքների 2020 թվականի ծրագրի նախագծին, համաձայնեցրել են ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդիկաների մշակման համար վիճակագրական ցուցանիշների ցանկը։ Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն 2019 թվականին ապրանքների փոխադարձ առևտրի վերաբերյալ տվյալները համեմատելու նպատակով՝ Միության պետությունների վիճակագրական գերատեսչությունների փորձագետների երկկողմ հանդիպումների արդյունքների մասին և ընդունվել է հաջորդ տարում դրանց անցկացման պլան-ժամանակացույցը։

Նիստի մասնակիցներին ներկայացվել են «2008 թվականի ազգային հաշիվների համակարգ» (ԱՀՀ-2008) միջազգային ստանդարտի ներդրման հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։ Որոշում է կայացվել անդամ պետություններում ԱՀՀ-2008-ի ներդրման մասին վերլուծական զեկույցի նախապատրաստման և այդ ուղղությամբ համատեղ գործունեության վերաձևաչափման վերաբերյալ։

Քննարկման ընթացքում Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Ռոսստատ) նախաձեռնել է Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր թվային տնտեսության չափման հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը։

«Մենք լիովին ողջունում ենք Ռոսստատի նախաձեռնությունը, – ընդգծել է Սերգեյ Գկազևը, ամփոփելով նիստի արդյունքները։ – Թվային տնտեսության վիճակագրական գնահատման նկատմամբ միասնական մոտեցումների մշակումը նշանակալի ներդրում է հանդիսանալու Միության թվային օրակարգի իրականացման մեջ»։

Նիստն անցկացվել է ընդլայնված ձևաչափով, դրան հրավիրվել են ԱՊՀ-ի վիճակագրական կոմիտեի, Ադրբեջանի Հանրապետության վիճակագրության պետական կոմիտեի ներկայացուցիչները, գիտնականներ Վասիլի Սիմչերան, Ալեքսանդր Շիրովը և այլոք, ինչպես նաև որակավորված փորձագետներ, որոնք մի շարք կշռադատված առաջարկներ են կատարել ԵԱՏՄ վիճակագրական հաշվառման համակարգի կատարելագործման վերաբերյալ։ 

Խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստն անցկացվելու է 2020 թվականի ապրիլին Մոսկվայում։​