Вход
Անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ արտաքին մարտահրավերներին պատասխանելու համար

Անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ արտաքին մարտահրավերներին պատասխանելու համար

20.08.2019

Ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արտաքին մարտահրավերների համատեքստում քննարկել են անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները Ղրղզստանի Հանրապետության Սարի-Օյ գյուղում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացուցիչների մասնակցությամբ կալացած խորհրդակցությանը։

Միջոցառման մասնակիցների ուշադրության կիզակետում էին անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի վրա առևտրում սահմանափակումների ազդեցության հարցերը և ինտեգրումային գործընթացները, ինչպես նաև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախապատրաստումը։

Բացելով նիստը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը նշել է այդպիսի ձևաչափով հանդիպման և համագործակցության ու տնտեսական քաղաքականության իրականացման խնդրահարույց ասպեկտների վերաբերյալ մտքերի փոխանակման՝ վաղուց հասունացած անհրաժեշտությունը։

Մատնանշվել են կարևոր մարտահրավերները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների և Միության մակրոտնտեսական կայունության վրա։ Մասնավորապես, դրանք են. համաշխարհային տնտեսության դանդաղեցումը, հումքային ապրանքների գների իջեցումը, առևտրային և տնտեսական հակասությունների սրման հետ կապված ռիսկերը։

Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ կանխատեսումների նախապատրաստման և քաղաքականության միջոցների մշակման, ինչպես նաև տնտեսական կառավարման մեխանիզմների կատարելագործման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտաքին պայմանների վատթարացումը։

Նրանք ուշադրություն են դարձրել ոչ սակագնային արգելքների և փոխադարձ առևտրում արգելքների իջեցմանն ուղղված աշխատանքը շարունակելու անհրաժեշտության վրա և եկել են այն կարծիքին, որ հարկավոր է մշակել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված Ինտեգրումային գործընթացների զարգացման մասին հայտարարագրի հիմնական դրույթների իրագործման նպատակով։ Առաջարկվել է մշակել արտաքին շուկաներ արտահանման առաջխաղացման ռազմավարություն, շարունակել առևտրային հոսքերի բազմազանեցման համար երրորդ երկրների հետ փոխգործակցության ընդլայնումը, ինչը նպաստելու է արտաքին առևտրին։

Խորհրդակցության արդյունքներով որոշվել է շարունակել մտքերի փոխանակումը Միության երկրների մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների և Հանձնաժողովի ներկայացուցիչների կանոնավոր հիմքով հանդիպումների ձևաչափով։