Вход
Ղազախստանի Հանրապետության նախագահ Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևի ուղերձը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին

Ղազախստանի Հանրապետության նախագահ Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևի ուղերձը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին

1607700073.jpg
18.01.2021

 

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։

 ​Մեր միավորման գործունեության առաջին հինգ տարվա արդյունքներով` մենք կարող ենք հստակ արձանագրել, որ Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջողակ և գրավիչ ինտեգրացիոն նախագիծ։

 Դրա հետ մեկտեղ, աշխարհն այսօր գտնվում է մրրկահոսանքային վիճակում։ Համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների պահպանվող անկայունությունն ահագնացվում է կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությամբ։ Այն մերկացրել է միջազգային հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրները, հանգեցրել է տնտեսական փոխգործակցության հաստատված մոդելների, սկզբունքների և գործիքների վերաիմաստավորմանը։

 Նման պայմաններում մենք, որպես Միություն, պետք է կողմնորոշվենք դեպի երկարաժամկետ առաջնահերթությունները՝ տնտեսական և սոցիալական համակարգերի կայունության պահպանումը, քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացումը և ԵԱՏՄ-ի ու նրա անդամ պետությունների առաջընթացի ապահովումը։

 Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործումը, անշուշտ, կնպաստի տվյալ նպատակներին հասնելուն։

 Ղազախստանի նախագահության տարում առաջարկում ենք առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հետևյալ հարցերին։

 Առաջինը՝ հարկավոր է նոր ազդակ հաղորդել արդյունաբերական համագործակցությանը։

Տվյալ նպատակին հասնելու համար կպահանջվի համատեղ ձեռնարկություններ ստեղծել արդյունաբերությունում, ագրոարդյունաբերական հատվածում և ծառայությունների բնագավառում։

 Ի լրումն դրա, նոր համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը կապահովի մեր երկրների տնտեսավարող սուբյեկտների արտադրական կապվածությունը և արդյունավետ տնտեսական փոխգործակցությունը։

 Ինտեգրացիոն փոխգործակցության նշված ոլորտներում հարկավոր է առավելագույնս գործադրել Եվրասիական զարգացման բանկի ներուժը։

 Համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և անդամ պետությունների արդյունաբերության ճյուղերի միջև կապերի ամրապնդումը նույնպես կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ փոխադարձ առևտրի ծավալների մեծացման և մեր պետությունների շուկաներում արգելքների վերացման համար։

 Տվյալ առաջնահերթություններից ելնելով՝ պահանջվում է նոր բովանդակություն հաղորդել «ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին»։

 Ամբողջությամբ այդ միջոցները թույլ կտան պայմաններ ստեղծել Միության ընդհանուր շուկայում մրցունակ արդյունաբերական ապրանքների արտադրության շրջանակներում համագործակցության համար, կհանգեցնեն միավորման բոլոր մասնակիցների ոչ հումքային արտահանման ծավալների էական ավելացմանը։

 Երկրորդը՝ անվերապահ առաջնահերթություն է մեր երկրների միջև առևտրում պահպանվող արգելքների վերացումը։

 Բիզնեսն արդարացիորեն վճռական գործողություններ է ակնկալում Կառավարություններից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվորեն և թափանցիկ կերպով վերացնելու է գոյություն ունեցող առևտրային արգելքները և կանխարգելելու է նորերի առաջացումը, ապահովելու է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառումների և սահմանափակումների առավելագույն չափով կրճատումը։

 Մշտադիտարկումը և վերլուծությունը պետք է ընդգրկեն առևտրային արգելքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային և մունիցիպալ մակարդակներում։ Առաջին հերթին հարկավոր է ջանքերը կենտրոնացնել փոխադարձ առևտրի վրա առավելագույն բացասական ազդեցություն ցուցաբերող արգելքների վրա։

 Ներմուծման փոխարինման ազգային ծրագրերը, սեփական արտադրանքով շուկայի հագեցման խնդիրները պետք է իրագործվեն Միության իրավական նորմերի խստորեն պահպանմամբ։

 Երրորդը՝ կարևոր է բազմակողմանիորեն և լիարժեք կերպով ներգրավել անդրսահմանային տրանսպորտային ուղիների և լոգիստիկ հանգույցների ներուժը։

 Այդ ոլորտում արդյունավետ համագործակցությունը որոշիչ դերակատարում է ունենալու ամբողջ եվրասիական աշխարհամասում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և վստահության հաստատման մեջ։

 Այդ նպատակներով առաջարկում ենք ակտիվացնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ եվրասիական ինտեգրացիոն միավորման համակցումն ապահովող փոխշահավետ համատեղ նախագծերի զարգացմանն ուղղված աշխատանքը։

 Եվրասիական տարանցիկ երթուղին պետք է դառնա առավելագույնս գրավիչ և մրցունակ Եվրոպա — Ասիա առևտրատրանսպորտային առանցքի շուրջ միջազգային առևտրի համար։

 Համոզված ենք, որ անդամ պետությունների ապրանքափոխադրման համակարգերի, այդ թվում՝ եվրասիական մեծածախ լոգիստիկական համալիրների ստեղծման միջոցով համակցման նախագծի իրագործումը, թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի տրանսպորտային միջանցքների ընդհանուր արդյունավետությունը, ինչպես մասնակից երկրների տնտեսավարող սուբյեկտների համար, այնպես էլ արտասահմանյան գործընկերների համար։

 Առաջարկում ենք լիարժեք օգտագործել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Ղազախստանի Հանրապետության սահմանին տեղակայված «Խորգոսի հանգույցի» ներուժը, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության հետ Ղազախստանի Հանրապետության սահմանին ձևավորվող «Կենտրոնական Ասիա» առևտրատնտեսական համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունները՝ ի շահ ԵԱՏՄ բոլոր մասնակիցների։

 Չորրորդը՝ համապարփակ թվայնացումը պետք է դառնա ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման շարժիչ ուժը։

Կարևոր է որակապես արագացում հաղորդել արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրմանը։

 Առաջնահերթ կարգով ժամանակակից ՏՏ լուծումների կիրառումը հարկավոր է ընդլայնել մաքսային կարգավորման, հարկային վարչարարության, անասնաբուժական վերահսկողության և այլ ոլորտներում, որոնք ուղղակիորեն ազդում են ապրանքների և ծառայությունների տեղափոխման ազատության վրա։

 Կարևոր է կենտրոնանալ ԵԱՏՄ Ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեության հաջողակ ապահովման վրա։ Դա թույլ կտա ավելի որակյալ կառուցել մեր աշխատանքը տվյալների էլեկտրոնային փոխանակման շրջանակներում։

 Համարում ենք, որ թվային օրակարգի արդիական հարցերի լուծման համար մեր երկրների ՏՏ համայնքների նպատակաուղղված, ակտիվ և հավասարության սկզբունքով ներգրավումը լիովին համապատասխանում է Միության շահերին։

 Հինգերորդը՝ պահանջվում է հետևողականորեն ընդլայնել ելքերը դեպի արտաքին շուկաներ, ավելի ակտիվ զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ։

 Այդ կապակցությամբ կարևոր ենք համարում ակտիվացնել և համակարգել «ԵԱՏՄ — ԵՄ» ձևաչափով երկխոսության հաստատմանն ուղղված աշխատանքը։ Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության այլ մարմինների հետ համագործակցությունը պետք է լինի իրավահավասար, փոխշահավետ և գործաբանական։

 Համանման համակարգային երկխոսություն է հարկավոր կառուցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) հետ։

 Առջևում հարկավոր է լինելու փոխգործակցության ռազմավարություն մշակել նոր առևտրային միավորման՝ Համապարփակ տարածաշրջանային տնտեսական գործընկերության (RCEP) հետ, որին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի մեկ երրորդ մասը։

 Նշված նախաձեռնությունների լիարժեք իրագործման համար կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներդաշնակ և արդյունավետ աշխատանքը։

 Այդ կապակցությամբ՝ ելնում ենք այն անհրաժեշտությունից, որ Հանձնաժողովի կադրային կազմի համալրման նպատակով թեկնածուների ընտրության հարցը պետք է լուծել մերիտոկրատիայի՝ արժանի ղոկավարների կառավարման սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով արհեստավարժությունը և գործնական հատկանիշները՝ այն խստորեն չկապելով ԵՏՀ-ի ֆինանսավորմանը պետությունների բաժնեմասային մասնակցության հետ։

 Ղազախստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ում իր նախագահության ժամանակահատվածում մտադիր է ակտիվորեն առաջ մղել նշված օրակարգը և կառուցողական աջակցություն է ակնկալում գործընկերների կողմից։

 Համոզված ենք, որ նախանշված նպատակներին հասնելը հզոր ազդակ է հաղորդելու յուրաքանչյուր պետության տնտեսական զարգացմանը և ամրացնելու է ԵԱՏՄ-ի ներուժը։

  

Նախագահ

Եվրասիական տնտեսական

Բարձրագույն խորհրդի

 

Կ.Կ. Տոկաև​