Вход
ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկական շուկան գործարկվելու է 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ

ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկական շուկան գործարկվելու է 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ

16.08.2019

Այս ամսաթիվը հնչեցվել է Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի արտագնա նիստին։

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծումը եվրասիական տարածքում ինտեգրումային գործընթացների զարգացման կարևոր փուլերից մեկն է։ Ցանկանում եմ նշել, որ շուկայի ձևավորումն առաջին հերթին ուղղված է գնագոյացման՝ շուկայական, այդ թվում բորսայական մեխանիզմներին անցմանը, ինչպես նաև բարեխիղճ մրցակցության ապահովմանը», – ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդ նիստի շրջանակներում պետությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր։ Փաստաթուղթը սահմանել է դրա ստեղծման, գործունեության և զարգացման իրավական հիմքերը, մարմինները և կազմակերպությունները, որոնք ապահովում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումը և գործունեության ապահովումը, դրա մասնակիցներին և ենթակառուցվածքային կազմակերպությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի առևտրի եղանակները։

ԵՏՀ-ի նախարարի խոսքերով, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը ձեռնարկատերերին թույլ կտա ազատ ընտրել էներգառեսուրսների մատակարարողներին, ինչը դրական ազդեցություն կունենա արտադրվող արտադրանքի ինքնարժեքի վրա։ Բացի այդ, դա կամրացնի ԵԱՏՄ պետությունների էներգետիկ անվտանգությունը, կնպաստի էլեկտրաէներգիայի թափանցիկ գների ձևավորմանը, եվրասիական «հնգյակի» տնտեսությունների կայուն զարգացմանը։ «Սակայն դրա համար դեռ շատ աշխատանք պետք է կատարել, շարունակելով շուկայի իրավական հիմքերի մշակումը», նշել է Էմիլ Կայկիևը։

Անհրաժեշտ է, օրինակ, ավարտել ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնների մշակումը։ Այդ չորս փաստաթուղթը, որոնք կարգավորելու են էլեկտրաէներգիայի առևտուրը, Միության երկրների տարածքով դրա տարանցումը, էլեկտրահաղորդման միջպետական գծերի թողունակության բաշխումը և շուկայում տեղեկատվական փոխանակումը։

Բացի այդ, էլեկտրաէներգիայի շուկայի մասին նախկինում ստորագրված պայմանագիրը նախատեսում է այդ էներգառեսուրսի էլեկտրոնային առևտրի կազմակերպում, հետևաբար անհրաժեշտ է նախապատրաստել այդպիսի առևտրի կանոնակարգերը։

Այս տարի Հանձնաժողովը պլանավորում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացնել շուկայի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ընդունման պլանը։ Դրա նախագիծը համաձայնեցվել է Խորհրդատվական կոմիտեի նիստին։ Կոմիտեի անդամների կարծիքով, հարկավոր է 2024 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ գործարկել ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան իմիտացիոն ռեժիմում, որը թույլ կտա թեստավորել դրա գործունեության կանոնները, ինչպես նաև սարքաբերել էլեկտրաէներգիայի առևտրի էլեկտրոնային համակարգը։

Բացի այդ, Խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվել են Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորման մարմնի ստեղծման վերաբերյալ նախաձեռնության իրականացման հնարավոր ուղիները։ Հատուկ աշխատանքային խմբին՝ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հարցերով ենթակոմիտեին հանձնարարվել է մանրամասն մշակել այդ հարցը։