Вход
ԵՏՀ-ն և Կորեայի տեխնոլոգիաների և ստանդարտների գործակալությունը քննարկել են համագործակցությունը տեխնիկական կարգավորման ոլորտում

ԵՏՀ-ն և Կորեայի տեխնոլոգիաների և ստանդարտների գործակալությունը քննարկել են համագործակցությունը տեխնիկական կարգավորման ոլորտում

Фото-1.JPG
14.09.2020
Տեխնիկական կարգավորման մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Կորեայի Հանրապետության միջև առևտրի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Տիմուր Նուրաշևը Կորեայի տեխնոլոգիաների և ստանդարտների գործակալության (ԿՏՍԳ) ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված տեխնիկական կարգավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը։

 

«Մեզ համար մեծ նշանակություն ունի արտաքին գործընկերների հետ այդ ոլորտում համագործակցության զարգացումը։ Դա թույլ է տալիս ոչ միայն գնահատել արտադրանքին և դրա գնահատման ընթացակարգին միջազգային պահանջներին համապատասխան ներկայացվող պահանջների մակարդակը, այլև նպաստում է առևտրում ավելորդ տեխնիկական արգելքների վերացմանը», – ընդգծել է Տիմուր Նուրաշևը։

 

Կողմերը պայմանավորվել են մինչև մյուս տարի մշակել ԵՏՀ-ի և ԿՏՍԳ-ի միջև համագործակցության մասին հուշագրի նախապատրաստման հնարավորությունը։ Դրանում կարող են ներգրավվել, մասնավորապես, տեխնիկական նորմավորման, արտադրանքի անվտանգության վերահսկողության համակարգի, այդ թվում՝ վտանգավոր մթերքների հետ կանչման համակարգի, բիզնեսի և սպառողի ծանրաբեռնվածության միջև հավասարակշռության ստեղծման նպատակով սերտիֆիկացման համակարգի կատարելագործման ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակմանը նվիրված բաժիններ։

 

Կողմերը առաջիկա երեք տարվա համար նախանշել են ԵՏՀ-ի և ԿՏՍԳ-ի միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացում՝ փորձի փոխանակման և միմյանց աշխատանքի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար։

 

ԿՏՍԳ տեխնիկական համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Ջաեհունգ Պարքն ընդգծել է փոխադարձ մատակարարվող արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի շուրջ ԵՏՀ-ի և անդամ պետությունների հետ երկխոսությունը շարունակելու շահագրգռվածությունը։

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում նախանշված խնդիրների գործնական իրագործման շրջանակներում, սեպտեմբերի 11-ին Կորեայի Հանրապետության բիզնես համայնքի համար անցկացվել է սեմինար, որի ընթացքում պարզաբանվել են էներգասպառող սարքերի, շինարարական սարքավորումների, անիվային տրանսպորտային միջոցների, քիմիական արտադրանքի և այլնի նկատմամբ անվտանգության պահանջները սահմանող Միության տեխնիկական կանոնակարգերի հիմնական ասպեկտները։ Կորեական բիզնեսի ներկայացուցիչները նաև մեկնաբանություններ են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

 

Սեմինարին մասնակցել են Կորեայի փորձարկումների և հետազոտությունների ինստիտուտի, Կորեայի առաջատար բիզնես կառույցների, այդ թվում՝ Hyundai Motors-ի, Կորեայի ավտոարտադրողների ընկերակցության (KAMA), CETEC-ի, SAMSUNG Electronics-ի, DOOSAN Infracore-ի, Շինարարական սարքավորումներ արտադրողների ընկերակցության (KOCEMA) ներկայացուցիչները։

 

Տեղեկանք

 

Կորեայի տեխնոլոգիաների և ստանդարտների գործակալությունը հանդիսանում է պետական մարմին, որը համակարգում է Կորեայի Հանրապետության տեխնիկական կարգավորման ոլորտին առնչվող հարցերը։  Իր իրավասությունների շրջանակներում պատասխանատու է էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրանքի, խաղալիքների անվտանգության ոլորտի, էներգաարդյունավետության հարցերի և այլնի համար։​