Вход
ԵԱՏՄ-ում մակնշվելու է կոշկեղենը

ԵԱՏՄ-ում մակնշվելու է կոշկեղենը

14.08.2019

​ԵՏՀ խորհուրդը, որը կայացել է Չոլպոն-Աթայում, Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրին համապատասխան որոշում է ընդունել նույնականացման միջոցներով կոշկեղենի մակնշման մասին։

Մակնշման ներդրումը չի ստեղծի լրացուցիչ խոչընդոտներ Միությունում ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Ընդհակառակը, դրա հետ մեկտեղ պետք է առավելագույն չափով հաշվի առնվեն բիզնեսի շահերը, որոնք կապված են տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ ազգային մակարդակով լրացուցիչ պահանջների հնարավոր ներդրման հետ։

Ընդունված որոշման առանցքային ասպեկտ է հանդիսանում Միությունում՝ Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվող միասնական տեխնիկական կանոններով և ստանդարտներով մակնշման ներդրման հնարավորությունը, որի շրջանակներում անդամ պետություններին հնարավորություն կտրվի միանալու ԵԱՏՄ մակնշման համակարգին ըստ տեխնոլոգիական, կազմակերպչական և նորմատիվային իրավական պատրաստականության աստիճանի։

ԵՏՀ խորհուրդը հաստատել է նույնականացման միջոցներով մակնշման ենթակա կոշկեղենի ցանկը, նույնականացման միջոցները, դրանց բնութագրերը, դրանց գեներացման կարգը, ինչպես նաև նույնականացման միջոցների միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների (առկայության դեպքում) հիման վրա նույնականացման միջոցներում պարտադիր կարգով ներառվող տեղեկատվության կազմը և կառուցվածքը։ Հաստատվել են, բացի այդ, ապրանքների մակնշման կարգը, անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, մի կողմից, Միության երկրների իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, մյուս կողմից, հաղորդվող՝ մակնշված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի վերաբերյալ պահանջները, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների հաղորդման ժամկետները։

Հաստատվել է մակնշված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգում և հասանելի են սպառողների և այլ շահագրգռված անձանց համար, այդ թվում՝ ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

Միության երկրները նույնականացման միջոցներով մակնշված կոշկեղենի անարգել շրջանառության ապահովման համար պետք է մինչև 2020 թվականի մարտի 1-ը որոշել ազգային օպերատորներին։

Մինչև իրենց տարածքում մակնշումը ներդնելու օրը, մակնշումը չներդրած անդամ պետությունների ազգային օպերատորներն ապահովում են ապրանքների շրջանառության մասնակիցներին՝ իր տարածքում մակնշումը ներդրած անդամ պետության ազգային օպերատորից (ադմինիստրոտորից) ստացված մակնշման ծածկագրերի տրամադրումը։

Ազգային օպերատորներն ապահովում են անդրսահմանային փոխադարձ առևտրի շրջանակներում իրացված մակնշված կոշկեղենի մասին տեղեկատվության փոխանակումը։ Ազգային օպերատորների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով։