Вход
ԵԱՏՄ-ում մեկնարկում է ««Աշխատանք առանց սահմանների» Որոնման միօրինակացված համակարգ» նախագիծը

ԵԱՏՄ-ում մեկնարկում է ««Աշխատանք առանց սահմանների» Որոնման միօրինակացված համակարգ» նախագիծը

IMG02043.jpg
10.09.2019

Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալները և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ ԵՏՀ խորհրդի անդամները քննարկել են ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների թվայնացման, ներքին շուկաների գործունեության, միջազգային համագործակցության, աշխատանքային միգրացիայի, մաքսային կարգավորման, ֆինանսական և հարկային քաղաքականության, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, մրցակցության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։

ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացման համար պլանավորվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի օրակարգի նախագիծը։

ԵՏՀ Խորհուրդը քննարկել է Միության ներքին շուկայում խոչընդոտների ցանկը։ ԵԱՏՄ-ում բացառումները և սահմանափակումները վերացվում են «ճանապարհային քարտեզի» մեխանիզմների օգնությամբ, որի իրագործման շրջանակներում 2018–2019 թվականներին նախատեսվում է վերացնել 17 խոչընդոտ։ 2017 թվականից մինչև ներկա պահը վերացվել է 40 խոչընդոտ, այդ թվում՝ 7 սահմանափակում, 5 բացառում և 28 արգելք։

ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ««Աշխատանք առանց սահմանների» Որոնման միօրինակացված համակարգ» նախագծի մեկնարկին, որը Հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ գործարկելու է ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործման շրջանակներում։ Նախագծի հիմքում Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության (Ռոստրուդ) նախաձեռնությունն է, որը հետագայում հավանության է արժանացել մասնակից երկրների պրոֆիլային գերատեսչությունների կողմից։

Նախագծի հիմնական գաղափարն է՝ ստեղծել որոնման համակարգ, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա Միության բոլոր երկրներում իրականացնել թափուր աշխատատեղերի կամ ռեզյումեների որոնում։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականի ավարտը։ Դրա իրականացման համար գործի են դրվելու ԵԱՏՄ-ի երկրների գոյություն ունեցող ազգային հարթակները։ Ստեղծվող որոնողական համակարգը թույլ կտա ուսումնասիրել ազատ աշխատատեղերի և դրանց հայցորդների տեղեկատվությունը, որը պարունակվում է աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտում անդամ պետությունների տեղեկատվական համակարգերում։ Արդյունքում, համակարգից օգտվողներին՝ թափուր աշխատատեղերի հայցորդներին և գործատուներին, հնարավորություն է տրվելու ընտրել Միության մի կամ մի քանի երկիր, որոնց տարածքում անհրաժեշտ է կատարել աշխատանքի որոնում կամ անձնակազմի ընտրում, ձևավորել ազգային տեղեկատվական համակարգերին ուղղված ունիվերսալ որոնողական հարցում, ստանալ մուտք դեպի թափուր աշխատատեղերի և ռեզյումեների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն։

Այդպիսով նախագիծը նպաստելու է աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորմանը, աշխատուժի ազատ տեղաշարժի գործընթացների արագացմանը և աշխատանքային ռեսուրսների շարժունակության ապահովմանը։ Պլանավորվում է, որ համակարգի մեկ օրացուցային տարվա աշխատանքի արդյունքներով, դրան ուղղված դիմողների քանակը կազմելու է 1 մլն-ից ոչ պակաս, թափուր աշխատատեղերի վերաբերյալ արձագանքների և գործատուներից հրավերների քանակը, համապատասխանաբար՝ 100 հազարից և 10 հազարից ոչ պակաս։

««Աշխատանք առանց սահմանների» Որոնման միօրինակացված համակարգ» նախագիծը հանդիսանում է ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտում ընդհանուր թվային էկոհամակարգի ձևավորման ուղղության մի մասը։

ԵՏՀ խորհրդի անդամները քննարկել են և հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության 2020 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշման նախագիծը և «ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գազի տեղափոխման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» ԵՏԲԽ-ի կարգադրության նախագիծը։

ԵԱՏՄ-ի 2020 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններում ներկայացվել են երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդեն ստեղծված մեխանիզմներ, ինչպես նաև որոշվել են պոտենցիալ հեռանկարային գործընկերները, որոնց հետ կապերի խորացմանը Միությունը ձգտում է առաջնային կարգով։

Միության երկրների միջև գազի տեղափոխման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների ներդաշնակեցման ենթակա նորմատիվային իրավական ակտերի ցանկը նախապատրաստվելու է ըստ անհրաժեշտության և Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը վերաբերող ակտերի մշակման հետ միասին՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։ Փաստաթղթով նաև սահմանվում են Միության երկրների միջև գազի տեղափոխման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման սկզբունքները։

ԵՏՀ խորհուրդը փոփոխությունների է կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում։ Այդ որոշումը թույլ կտա ազատել ֆիզիկական անձանց Միության մաքսային սահմանը հատելու ժամանակ ուղեբեռի կամ ձեռքի իրերի մեջ անձնական օգտագործման համար ապրանքները տեղափոխելիս արտադրանքի պետական գրանցման վկայականի ներկայացման անհրաժեշտությունից։