Вход
ԵՏՀ-ն աշխատում է ԵԱՏՄ-ի սահմաններին խնդիրների լուծման վրա

ԵՏՀ-ն աշխատում է ԵԱՏՄ-ի սահմաններին խնդիրների լուծման վրա

10.08.2020
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների սահմաններով ապրանքների տեղափոխման հետ կապված՝ վիճելի հարցերի վերացմանն ուղղված «ճանապարհային քարտեզը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամները և անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչները քննարկել են ԵԱՏՄ-ում տարաձայնությունների ու վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների տեղաշարժի ազատության ապահովման հարցերով կոմիտեի 2-րդ նիստի ընթացքում։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարության ներքո անցկացված միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի անդամներ՝ մաքսային համագործակցության հարցերով նախարար Օլեգ Պանկրատովը, տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն, առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը։

Միության պետություններն իրենց առաջարկներն են ներկայացրել ԵՏՀ։ Ներկայումս կողմերը քննարկում են միջոցառումների պլանի ձևավորման վերաբերյալ տարբեր մոտեցումները։

Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի հետ կապված վիճելի իրավիճակների վերացման համար օպերատիվ կոմիտեի դերը կայանում է  «այնպիսի որոշումների մշակման մեջ, որոնք չի հաջողվել ընդունել անցած տարիներին»։

Նիստի արդյունքներով որոշում է կայացվել կառուցվածքավորել «ճանապարհային քարտեզը»՝ բաշխել առաջարկներն ըստ Հանձնաժողովի Կոլեգիայի բլոկների, որտեղ ԵՏՀ-ի ներկայացուցիչները կմշակեն դրանք, ներառյալ՝ ապրանքների հետագծելիության հարցը, կողմերի փորձագետների հետ համատեղ։   Առաջարկների ամփոփմամբ, այդ թվում՝ ռիսկերի որոշմամբ, զբաղվելու է տեխնիկական բյուրոն։  Մշակված նախաձեռնությունները քննարկման համար կուղարկվեն կողմերին։

Միջոցները նախատեսվում է բաշխել նաև ըստ փուլերի՝ կարճա-, միջնա- և երկարաժամկետ։ «Իմ կարծիքով՝ երկարաժամկետ միջոցներն ունեն մեր «ճանապարհային քարտեզի» կազմում ընդգրկվելու իրավունք, նույնիսկ եթե դրանք որոշակի աստիճանով կրկնօրինակում են Մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, – համարում է Միխայիլ Մյասնիկովիչը։ – Օպերատիվ կոմիտեն հենց հանդիսանում է Ռազմավարական ուղղությունների իրագործման մեխանիզմ»։

Հայաստանից Վերին Լարս ԲԱԱ-ի (բազմակողմանի ավտոմոբիլային անցակետի) միջոցով ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության անցկացման օրինակով, նիստի մասնակիցներին ներկայացվել են ԵԱՏՄ երկրներից ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունեցող մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք Միության ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման համար պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկներ, որոնցում հաշվի է առնվել ապրանքների փոխադրման նկատմամբ՝ նավագնացական կապարակնիքների օգտագործմամբ հսկողությունը։ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ նախագիծը հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ մյուս երկրների համար։

Հիշեցնենք, որ ԵՏՀ Խորհուրդը հուլիսին 10-ին կայացած նիստի ընթացքում կարգադրել է ստեղծել կոմիտե՝ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժի հետ կապված վիճելի իրավիճակների վերացման համար։

Կոմիտեն ղեկավարում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Դրա կազմում ընդգրկվել են Միության երկրների պետական իշխանության լիազորված մարմինների ղեկավարները և ղեկավարների տեղակալները, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի անդամներ Օլեգ Պանկրատովը, Գեղամ Վարդանյանը, Տիմուր Ժակսիլիկովը, Վիկտոր Նազարենկոն, Անդրեյ Սլեպնյովը։ Կոմիտեն զբաղվում է ԵԱՏՄ-ում տարաձայնությունների, վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների տեղաշարժի ազատության ապահովմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» մշակմամբ։

Ենթադրվում է, որ «ճանապարհային քարտեզը» ներառելու է անդամ պետությունների միջև, այդ թվում՝ ներքին սահմաններին Միության ապրանքների նկատմամբ հսկողական միջոցառումների բացառմանը կամ նվազեցմանը, Միության արտաքին սահմանին իրականացվող հսկողական միջոցառումների նկատմամբ փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։ Բացի դրանից, պլանի մեջ ընդգրկվելու են Միությունում ապրանքների շրջանառության թափանցիկության, հաշվառման և հսկողության ապահովմանն ուղղված միջոցները։   

«Ճանապարհային քարտեզը» կներկայացվի ԵՏՀ Խորհրդի հաստատմանը։