Вход
Ուժի մեջ է մտել համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին

Ուժի մեջ է մտել համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին

06.10.2016

Հոկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին:

Համաձայնագրում խոսքը առաջին հերթին առևտրային տուրքերի փոխադարձ չեղարկման մասին է: Համաձայն փաստաթղթի՝ վիետնամական կողմի ներմուծման մաքսատուրքերի չեղարկումը չի ներառում ապրանքային անվանացանկի միայն 12%-ը, որոնց մեծամասնության վերաբերյալ Միության երկրներում բացակայում է արտահանման հետաքրքրությունը: Ընդ որում համաձայնագիրը Վիետնամին պարտավորեցնում է անդամ պետությունների մատակարարների համար անմիջապես չեղարկել ներմուծման մաքսատուրքերը ավելի քան կետերի 59%-ի համար, և ևս 29%-ի համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կզրոյացվեն անցումային շրջանների ընթացքում, որոնք կազմում են 5-ից 10 տարի:

Համաձայն համաձայնագրի՝ Վիետնամը բացում է շուկան Միության երկրների արտահանման հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ապրանքների համար.

- գյուղատնտեսական հատված. տավարի, խոզի և թռչնի միս, վերամշակված մսամթերք, պահածոյացված ձուկ, սերմեր, ալյուր, կաթնամթերք, պանիր, բուսական յուղ, կենդանիների կերեր, ալկոհոլային արտադրանք.

- արդյունաբերական հատված. թանկարժեք քարեր, դողեր, ասբեստ, խողովակներ, գլանվածք, նավեր, մեխանիկական սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ, ավտոմեքենաների դետալներ, պողպատե իրեր, գյուղատնտեսական տեխնիկա, ավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ, նավթամթերք:

Համաձայնագիրը պայմաններ է ստեղծում, որպեսզի ապրանքաշրջանառությունը ազատ առևտրի գոտու շրջանակներում ավելանա և դիվերսիֆիկացվի:

«Համաձայնագիրը փոխշահավետ է կողմերի համար և գրավիչ պայմաններ է ստեղծում մեր ներմուծողների, արտադրողների համար, որոնք սեփական արտադրանքի արտադրությունում օգտագործում են վիետնամական բաղադրիչներ: Վիետնամից ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների տուրքի միջին թվաբանական դրույքաչափը մինչև 2025 թվականը կնվազի մինչև 2%: Միության երկրների ապրանքների՝ վիետնամական շուկա մուտքի պայմանները դառնում են ոչ ավելի վատը, քան ազատ առևտրի գծով Վիետնամի մյուս առանցքային գործընկերների համար, ինչը ԵԱՏՄ արտադրողներին թույլ կտա այդ շուկայում ավելի լավ մրցակցելԸնդ որում անդամ պետությունները կպահպանեն մեր ընդհանուր շուկայի համար առավել զգայուն ապրանքների տուրքերի դրույքաչափերը: Համաձայնագիրը մեզանից չի պահանջում մսի, կաթի, թեյի, սուրճի, շաքար, խողովակների, օդանավերի, ավտոմեքենաների տուրքերի նվազեցում», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Համաձայնագրում նախատեսված են նաև «ապահովագրական» մեխանիզմներ անբարեխիղճ մրցակցության և ներմուծման չվերահսկվող աճի դեմ: Թեթև արդյունաբերության մի շարք ապրանքների և կահույքի համար նախատեսված է տրիգերային մեխանիզմ, որը թույլ է տալիս սակագնային պաշտպանություն ներդնել Վիետնամի կողմից մատակարարումների որոշակի ծավալների գերազանցման դեպքում: Նախատեսված է նաև երկկողմ պաշտպանիչ միջոցներ կիրառելու (միասնական մաքսային սակագնի դրույքաչափի մակարդակով տուրքեր սահմանելու) հնարավորություն, եթե անցումային շրջանի ընթացքում ազատ առևտրի ռեժիմի շնորհիվ աճած ներմուծումը կարող է վնաս հասցնել անդամ պետությունների ոլորտին: Այսօրվա դրությամբ Միությունում արդեն կառուցվել է մի ընթացակարգ, որն անհրաժեշտության դեպքում թույլ կտա օպերատիվորեն կիրառել նման «ապահովագրական» մեխանիզմներ:

Փաստաթղթում նաև ամրագրված են ապրանքների ծագման հստակ չափորոշիչներ և դրանց պահպանման վերահսկում: Այդ նպատակով ստեղծվում են ազատ առևտրի գոտու երկրների վերահսկիչ ծառայությունների միջև վարչական, տեղեկատվական համագործակցության համալիր մեխանիզմներ, ինչպես նաև ներդրվում ստուգման ընթացակարգեր:

Բացի այդ, համաձայնագիրը կարգավորում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության, կայուն զարգացման, էլեկտրոնային առևտրի ոլորտներում, ինչպես նաև պետական գնումների բնագավառում համագործակցության պայմանները, սահմանված են մրցակցության պաշտպանության միասնական սկզբունքներ:

Համաձայնագիրը տարածվում է ծառայությունների առևտրի և ներդրումային համագործակցության պայմանների վրա: Սակայն այդ դրույթները տարածվում են միայն Ռուսաստանի և Վիետնամի միջև փոխհարաբերությունների վրա: Միության մյուս երկրները հետագայում կարող են միանալ այդ պայմանավորվածություններին:

Ըստ փորձագիտական գնահատականների, տուրքերի հաշվին տնտեսումը Եվրասիական տնտեսական միության արտահանողների համար համաձայնագրի գործունեության առաջին տարում կարող է կազմել մոտ 40 մլն. դոլար: Բոլոր անցումային շրջանների ավարտին մաքսատուրքերի չեղարկումից դրական արդյունքը պետք է հասնի տարեկան մինչև 55-60 մլն. դոլար: