Вход
ԵԱՏՄ-ը և Չինաստանը ստորագրել են մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր

ԵԱՏՄ-ը և Չինաստանը ստորագրել են մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր

06.06.2019

Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լուսանցքներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։

Միջազգային համաձայնագրի տակ իրանց ստորագրություններն են դրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ – ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ – Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ՉԺՀ արտաքին գործերի նախարար ՎանԻ-ն։

«Մենք ակնկալում ենք, մեր մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը կպարզեցնի միջազգային առևտրի ընթացակարգերը և կնպաստի ԵԱՏՄ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ավելի խորը տնտեսական հարաբերությունների զարգացմանը», – ստորագրման ժամանակ հայտարարել է Տիգրան Սարգսյանը։

ԵԱՏՄ-ի երկրների և Չինաստանի մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումն արագացնելու է Միության և ՉԺՀ-ի մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգերը, ինչպես նաև կբարձրացնի համաձայնագրի մասնակից երկրների տարանցման տեսակետից գրավչությունը։