Вход
Ծառայությունների միասնական շուկան խթանում է ԵԱՏՄ երկրների տնտեսության մեջ ներդրումների ներգրավումը

Ծառայությունների միասնական շուկան խթանում է ԵԱՏՄ երկրների տնտեսության մեջ ներդրումների ներգրավումը

04.08.2020
Եվրասիական տնտեսական միության երկների ներդրումային հնարավորությունները, բարենպաստ բիզնես կլիմայի ստեղծումը և ներդրումային համագործակցության հեռանկարները քննարկվել են «Վերականգնումից դեպի կայուն աճ» միջազգային առցանց կոնֆերանսին:   ԵԱՏՄ-ի ներդրումային հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը մասնակցել են Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության պաշտոնատար անձինք:

Մշակվել են առաջարկներ և հանձնարարականներ՝ այդ ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության զարգացման, ժամանակակից ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման և Միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Գալիյա Ջոլդիբաևան իր ելույթում ընդգծել է, որ համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամային երևույթների հաղթահարման պայմաններում կարևոր նշանակություն է ձեռք բերում միութենական պետությունների ներդրումային համագործակցության զարգացումը, որի համար իրավական պայմանները ստեղծվել են ԵԱՏՄ մասին պայմանագրով:

Օրինակ՝ Միության երկրները պարտավորվել են չվատթարացնել բիզնեսի վարման պայմանները, ինչպես նաև 1991 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր բոլոր ներդրումների նկատմամբ ետգործուն կերպով կիրառել Պայմանագրի լրացուցիչ երաշխիքները:   Միութենական մեկ այլ կարևոր առավելություն է՝ ԵԱՏՄ երկրների ներդրողներին ազգային ռեժիմի, առավել բարենպաստության ռեժիմի տրամադրումը, քանակական, ներդրումային և այլ սահմանափակումների չկիրառումը:

Նշվել է Միության պետությունների ներդրումային փոխգործակցության հետագա ընդլայնման սերտ կապը ԵԱՏՄ-ում ծառայությունների միասնական շուկայի ընդլայնման հետ: «Մեր Միությունում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը՝ յուրատեսակ խթանող գործոն է, որը ծառայում է ԵԱՏՄ երկրների տնտեսության մեջ ներդրումների ներգրավման համար:   Ծառայությունների միասնական շուկայի մեխանիզմի օգտագործմամբ այս կամ այն նախագծերում կապիտալի ներդնումը դարձնում է ներդրումների ներգրավման գործընթացն ավելի գրավիչ», – նշել է Գալիյա Ջոլդիաբաևան:

Տեղեկանք

Կոնֆերանսին մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության կառավարության, ՅՈՒՆԿԹԱԴ-ի ներդրումների և ձեռնարկատիրության դեպարտամենտի, Համաշխարհային տնտեսական համաժողովի գործադիր կոմիտեի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի, ««Մեծ քար» արդյունաբերական պարկի զարգացման ընկերություն» ՀՓԲԸ-ի, Արդյունաբերողների և գործարարների (վարձորդների) համադաշնության ներկայացուցիչներ:​