Вход
Ավանդատուների իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն միջազգային ստանդարտները կիրառվելու են ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ժամանակ

Ավանդատուների իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն միջազգային ստանդարտները կիրառվելու են ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ժամանակ

03.07.2020

Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի (ԱԱՄԱ) գործադիր խորհուրդը գործընկերոջ կարգավիճակ է շնորհել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Հանձնաժողովը ԱԱՄԱ-ի գործընկեր է դարձել Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև մի շարք այլ ազգային միջպետական և միջազգային կազմակերպությունների հետ միասին։ 

ԱԱՄԱ-ի գլխավոր քարտուղար Դեվիդ Ուոլքերը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովին հղած նամակում ընդգծել է, որ ԱԱՄԱ-ն Հանձնաժողովից ակնկալում է տեղեկատվության փոխանակում և ասոցիացիայի գործունեության մեջ ակտիվ մասնակցություն, ինչը նպաստելու է ԵԱՏՄ երկրներում ավանդների ապահովագրության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։  

Իր հերթին, ԵՏՀ նախարար Տիմուր Ժակսիլիկովը նշել է, որ գործընկերոջ կարգավիճակը ընձեռելու է Հանձնաժողովի և ասոցիացիայի միջև տեղեկատվության ինտենսիվ փոխանակման հնարավորություն, թույլ է տալու ակտիվ մասնակցություն ցուցաբերել ավանդների ապահովագրման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, միջազգային լավագույն փորձին համապատասխան ստանդարտների և հանձնարարականների մշակմանն ուղղված  միջոցառումներին և հետագայում օրենսդրությունը ներդաշնակեցնելիս օգտագործել ստացված տեղեկատվությունը։

«ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկան կառուցելիս, կարևոր է ապահովել ավանդատուների, պարտատերերի և բանկերի կոնտրագետների շահերի հավասար պաշտպանությունը Միության ամբողջ տարածքում։ Ընդհանուր ֆինանսական շուկան անհնարին է առանց արդյունավետ գործող ավանդների ապահովագրման համակարգի, այդ ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման։ Այդ հարցերը պետք է ուշադրությամբ ուսումնասիրվեն և մշակվեն», – հայտարարել է Տիմուր Ժակսիլիկովը։

 Տեղեկանք

Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 6-ին որպես ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է շվեյցարական օրենսդրությանը համապատասխան։ 

ԱԱՄԱ-ն ընդգրկված է ԱՄՀ միջազգային ֆինանսական ստանդարտներ մշակողների գրանցամատյանում։ ԱՄՀ-ի և Բանկի ղեկավարության ներքո ներդնում և կատարելագործում է բանկային համակարգերի կայունության ամրապնդման, բանկերի ֆինանսական առողջացման և ավանդների ապահովագրման մասով աշխատանքի ստանդարտները։ Հիմնադրման ձևի համաձայն, այդ կազմակերպությունը՝ միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է Միջազգային հաշվարկների բանկին առընթեր, որին անդամակցում են բանկային համակարգերի առողջացման և ավանդների ապահովագրման ոլորտը կարգավորող կենտրոնական/ազգային բանկեր, պրոֆիլային պետական գերատեսչություններ, պետական հիմնադրամներ, կորպորացիաներ և գործակալություններ։

Ասոցիացիայի խնդիրներից են ավանդների ապահովագրման ոլորտում միջազգային համագործակցության զարգացման միջոցով ֆինանսական համակարգերի կայունության պահպանումը, ավանդների ապահովագրման համակարգերի ձևավորման ոլորտում լավագույն միջազգային փորձի տարածումը, ինչպես նաև ավանդներ ապահովագրողների և այլ շահագրգիռ կողմերի միջև միջազգային շփումների խրախուսումը։  ​