Вход
ԵՏՀ-ն կուժեղացնի երրորդ երկրների հետ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

ԵՏՀ-ն կուժեղացնի երրորդ երկրների հետ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

31.05.2016

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստին, որը կայացել է մայիսի 31-ին Աստանայում, անդամ պետությունների ղեկավարները քննարկել են Միության զարգացման առավել արդիական հարցերն ու հեռանկարները:

ԵՏԲԽ նիստի արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մի շարք հայտարարություններ է արել ԶԼՄ-ների համար:

Հանձնաժողովի ներկայացուցիչը ԵԱՏՄ քաղաքացիներին շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման երկամյակի առթիվ (ԵԱՏՄ պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին): Տիգրան Սարգսյանը փաստել է. «Այդ երկու տարիների ընթացքում մենք էական քայլեր ենք կատարել  միասնական տնտեսական տարածք կառուցելու ուղղությամբ: Համոզված եմ, որ առջևում մեզ մեծ ճանապարհ է սպասում: Համատեղ առաջ կշարժվենք եվրասիական ինտեգրման խորացման ուղիով»:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ, ըստ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի նախագահ, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնության` երրորդ երկրների ու ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը ԵՏՀ աշխատանքների գերակայություն է: «Եվ այս համատեքստում հատկանշական է, որ այսօր օրակարգում մենք շատ հարցեր ենք ունեցել, որոնք կապված են հենց երրորդ երկրների ու ինտեգրացիոն միավորումների հետ հարաբերությունների կառուցման հետ», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Մասնավորապես, Նախագահները քննարկել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները: «Այդ գործընկերությունը մեր երկրների համար սկզբունքային նշանակություն ունի, ԵՏՀ-ն բանակցային գործընթաց կսկսի: Մենք այդ հարաբերությունները կկառուցենք` հաշվի առնելով  անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտների շահերը: Պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ, և մենք մեր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք,  որպեսզի չինական շուկան բացվի մեր ձեռնարկությունների համար», - հայտնել է Տիգրան Սարգսյանը:

Միության երկրների նախագահներն ընդունել են որոշումներ, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի ուժի մեջ մտնելու և տեղայնացման համար: «Արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ քայլերը պայմանագրի ուժի մեջ մտնելու համար, - եզրափակել է  Տիգրան Սարգսյանը: - ԱՍԵԱՆ-ի մի շարք երկրներ ցանկություն են հայտնել անմիջական շփումներ հաստատել ԵՏՀ-ի հետ, ու նաև շահագրգռվածություն են հայտնում մեզ հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու գործում»:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով` նաև քննարկվել են Կամբոջայի Թագավորության հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերը: Նա հիշեցրել է Կամբոջայի և Սինգապուրի հետ ԵՏՀ Համագործակցության հուշագրերի ստորագրման մասին: Կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք այդ երկրների հետ տնտեսական համագործակցության ներուժը ուսումնասիրելուց հետո կառաջարկեն նրանց հետ առևտրատնտեսական հարաբերությունների կառուցման ուղիներ:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ ԵՏԲԽ անդամները քննարկել են Եվրամիության հետ համագործակցության հարցերը, մի շարք առաջարկներ են ներկայացվել այն մասին, թե ինչպես առաջ շարժվել:

Պետությունների ղեկավարները նաև որոշում են ընդունել Սերբիայի հետ` Եվրասիական տնտեսական միության ու նրա անդամ պետությունների` այդ երկրի հետ առևտրային ռեժիմի միատեսակացման մասին  բանակցություններ սկսելու մասին:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը: Հայեցակարգին համապատասխան` միութենական երկրների էներգետիկ ընկերությունները ոչ խտրական մուտք կստանան գործընկերների նավթային ենթակառուցվածքի նկատմամբ, կարող են նավթ ու նավթամթերք գնել առանց քանակական սահմանափակումների շուկայական գնով` առանց արտահանման մաքսատուրքերի, որը կձևավորվի նաև բորսայական աճուրդներում:

Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Հայեցակարգի համաձայն` Կողմերը կհասնեն ընդհանուր շուկայի լիարժեք գործարկմանը` նրա մասնակիցների միջև շուկայական գներով գազի ազատ մատակարարումներով:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ հաջորդ տարի կմշակվի և Նախագահների հաստատմանը կներկայացվի Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի իրագործման ծրագիրը: «Իսկ հետագայում կմշակվի համապատասխան պայմանագիր, որն ընդունելուց հետո 2025 թվականին մենք կունենանք միասնական էներգետիկ շուկա: Այդ նույն տրամաբանությամբ է կառուցված ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Եվ այդ շուկան նույն սկզբունքներով կձևավորվի մինչև 2025 թվականը», - նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

ԵԱՏՄ երկրների նախագահները հաստատել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության 2016-2017 թվականների հիմնական ուղենիշները:

Փաստաթուղթը սահմանում է անդամ պետությունների տնտեսությունների առջև կանգնած առավել կարևոր կարճաժամկետ ու միջնաժամկետ խնդիրները և դրանց լուծման առաջարկներ է պարունակում: Հիմնական ուղենիշների իրականացումը կնպաստի ԵԱՏՄ պետությունների կողմից առկա բացասական տնտեսական իրավիճակի հաղթահարմանը, մակրոտնտեսական կայունության բարձրացմանն ու տնտեսական աճի վերականգնմանը:

Տեղեկացնելով նախագահների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության 2016-2017 թվականների հիմնական ուղենիշների հաստատման մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ փաստաթուղթը հակաճգնաժամային է: «Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների` Միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների մշտադիտարկումը կընդունվի որպես ուղենիշ, և այդ մշտադիտարկումը կանցկացվի պարբերաբար: Այն մեզ թույլ կտա բացահայտել այն համատեղ միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք մեր միութենական պայմանագրում ամրագրված հիմնական սկզբունքներն իրագործելու համար», - հայտնել է Տիգրան Սարգսյանը:

ԵՏԲԽ նիստին որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության օժանդակ մարմնի` ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին: Խորհուրդը կոչված է համակողմանի աջակցություն ցուցաբերել Միության երկրներին այդ ոլորտում համաձայնեցված կամ համակարգված քաղաքականության իրականացման գործում, համակարգել լիազորված մարմինների փոխգործակցությունը:

Պետությունների ղեկավարները որոշում են ընդունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը ընթացիկ տարվա դեկտեմբերին Մոսկվայում անցկացնելու մասին: