Вход
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ԵՏԲԽ նիստին ամփոփել են արդյունքները և նախանշել Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ԵՏԲԽ նիստին ամփոփել են արդյունքները և նախանշել Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները

01.06.2016

Մայիսի 31-ին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստը, որի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ  Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները քննարկել են առավել արդիական հարցերն ու Միության զարգացման հեռանկարները:

Բացելով նիստը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բոլորին շնորհավորել է ԵԱՏՄ մասին պայմանագրի կնքման երկամյակի առթիվ: Ինչպես ընդգծել է պետության ղեկավարը` «չնայած իր գոյության փոքր ժամկետին և տնտեսական բարդություններին, որոնք մենք զգում ենք մեր ճանապարհի սկզբին, այսօր արդեն վստահությամբ կարող ենք հայտարարել այն մասին, որ ԵԱՏՄ-ն կայացել է որպես լիարժեք ինտեգրացիոն միավորում: Այժմ մեր տնտեսությունների մերձեցումը կատարվում է այն ծրագրերին ու ժամկետներին համապատասխան, որոնք մենք նախանշել ենք ԵԱՏՄ մասին պայմանագրում»: Նուրսուլթան Նազարբաևը համոզմունք է հայտնել, որ առաջադրված խնդիրների ու Միության գործունեության սկզբունքների իրագործումը հզոր խթան կդառնա անդամ պետությունների տնտեսությունների համար:

Պետության ղեկավարն իր ելույթում նշել է ողջ աշխարհում տնտեսական միավորման նկատմամբ աճող հետաքրքրությունը: Դիտարկվում են ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի հաստատման հնարավորություններ ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են ԵՄ, ՇՀԿ, ԱՍԵԱՆ և այլն: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ իր` որպես ԵՏԲԽ նախագահի առաջարկով 2016 թվականը հայտարարվել է «երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների խորացման տարի»:

«ԵԱՏՄ մենք տեսնում ենք որպես  համաշխարհային տնտեսական համակարգին օրգանապես ինտեգրված բաց համայնք, որը հուսալի կամուրջ է ծառայում Եվրոպայի և Ասիայի միջև», - հայտնել է Նուրսուլթան Նազարբաևը: Պետության ղեկավարն ընդգծել է, որ Միության միավորված շուկան պարտավոր է կապող օղակ դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:

Ղազախստանի նախագահի կարծիքով, Միության շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժը համապատասխանում է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը:

Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական իրադարձությունները փորձություն են բոլորի համար և ավելի ներդաշնակ աշխատանք են պահանջում ԵԱՏՄ հարթակում: «Մենք պետք է նոր հնարավորություններ փնտրենք, թե ինչպես այս բարդ պայմաններում, երբ շոշափում ենք փոխադարձ առևտրի կտրուկ անկում, գտնել փոխգործակցության այլ ուղիներ», - ասել է Ղազախստանի նախագահը:

Ղազախստանի նախագահը հավաստիացրել է, որ, հաշվի առնելով ԵԱՏՄ-ում երկրի նախագահությունը` այս տարի կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի ինտեգրացիոն միավորումը հետագայում ևս հաջոցված ու դինամիկ զարգացում ապրի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ տնտեսական ինտեգրումը պահանջում է մակրոտնտեսական մակարդակով մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում: «Այս առնչությամբ կարևորում ենք ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության 2016-2017 թվականների հիմնական ուղենիշների հետևողական իրագործումն ու մեր տնտեսական ներուժի համակցման հետագա  գործունակ մեխանիզմների մշակումը: Սա կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը:  Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների մասնաբաժնի բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրումը դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, որը բաց կլինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտը դրել է ԵԱՏՄ զարգացման համար առաջադրված խնդիրների իրականացման դժվարություններին: «Երկու տարի առաջ մենք ստորագրեցինք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս ընթացքում ընդունվեցին լրջագույն հայեցակարգային որոշումներ. ամրագրվեցին տրանսպորտային ծառայությունների ազատականացման, էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման, արտահանման քաղաքականության հիմունքները: Ցավոք, ամեն ինչ չէ, որ զարգանում այնպես, ինչպես մենք ծրագրել էինք: Խնդիրները դեռ մնում են, ամենասուր խնդիրները մենք այսօր քննարկել ենք: Առաջին հերթին, անհրաժեշտ է տեսական մշակումները տեղափոխել տեսական հարթություն», - ընդգծել է Բելառուսի նախագահը:

Մասնավորապես, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է փոխադարձ առևտրում ներքին բացառումների ու սահմանափակումների վերացման, երրորդ երկրների նկատմամբ անդամ պետություններից մեկի կողմից շուկայի պաշտպանության միակողմանի միջոցների կիրառման պայմաններում ԵԱՏՄ գործունեության մեխանիզմի մշակման նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ընդգծվել է արդյունաբերական համագործակցության, էներգետիկ ոլորտում, դեղամիջոցների և բուժապրանքների միասնական շուկայի ստեղծման խնդիրների իրագործման կարևորությունը:

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը անդամ պետությունների ղեկավարներին կոչ է արել բոլոր ջանքերն ուղղել ինտեգրացիոն գործընթացի հիմնական նպատակների ու խնդիրների ձեռքբերմանը խոչընդոտող արգելքների վերացմանը: Նա նշել է Միության հսկայական ներուժը: 

«Անշուշտ, արդեն առկա են որոշակի արդյունքներ ու հաջողություններ: Կան նաև բացթողումներ ու արհեստականորեն ստեղծվող խնդիրներ: Մենք պետք է մեզ համար հստակ գիտակցենք, որ մեր ժողովուրդները այլընտրանք չունենք: Մենք պատասխանատու ենք Եվրասիական տնտեսական միության ապագայի համար, մեր երկրների ապագայի համար: Մեզ պետք են մեր ժողովուրդների և պետությունների ղեկավարների, ինչպես նաև բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքն ու համբերությունը, իմաստությունն ու համագործակցությունը: Ես հավատում են ԵԱՏՄ ապագային», - ասել է  Ալմազբեկ Ատամբաևը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ԵԱՏՄ շրջանակներում կատարված աշխատանքը: «Եվրասիական տնտեսական միության աշխատանքի 1,5 տարվա ընթացքում մեզ իսկապես հաջողվել է շատ բան անել այդ մասշտաբային ինտեգրացիոն նախագծի առաջմղման գործում, և գլխավորը` լիարժեք հիմնավորմամբ կարելի է փաստել, որ Միությունը կայացել է որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն, որն ուղղված է մեր երկրների տնտեսական զարգացման որոշակի խնդիրների լուծմանը», - նշել է պետության ղեկավարը:

ՌԴ նախագահի կարծիքով, «մի շարք ուղղություններով աշխատանքը անհրաժեշտ է հետագայում ևս շարունակել նույն ակտիվ տեմպով: Սա, մասնավորապես, վերաբերում է նոր Մաքսային օրենսգրքի և Միության կողմից միջազգային պայմանագրերի կնքման կարգի մասին համաձայնագրի նախապատրաստմանը, այսինքն ինտեգրման հետագա առաջմղումը կախված է մեր զարգացման համար անհրաժեշտ  նորմատիվ փաստաթղթերի ժամանակին ընդունումից»:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ինտեգրացիոն միավորման արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է արտաքին գործընկերների հետ հարաբերությունների համակարգային կառուցում: «Մենք կողմ ենք Միության` այլ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական կապերի հետագա խորացման վրա ջանքերը կենտրոնացնելու ղազախստանյան նախագահության առաջարկին»: Մասնավորապես, ՌԴ նախագահը ողջունել է Եվրասիական միության և ԵՄ միջև փոխգործակցության հաստատման հարցերով միջազգային կոնֆերանս անցկացնելու ղազախստանյան Կողմի նախաձեռնությունը: «Անհրաժեշտ է, որպեսզի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ակտիվորեն միանա դրա մշակմանը», - եզրափակել է ՌԴ նախագահը: