Вход
ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաև. «Հանձնաժողովը պայմաններ է ստեղծում Միության պետությունների տնտեսությունների արդյունավետ զարգացման համար»

ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաև. «Հանձնաժողովը պայմաններ է ստեղծում Միության պետությունների տնտեսությունների արդյունավետ զարգացման համար»

01.04.2016

Ապրիլի 1-ին Բիշքեկում՝ Կենտրոնական Ասիայում Ամերիկյան համալսարանում կայացած բաց դասախոսության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևը խոսել է գլոբալացման պայմաններում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հեռանկարների և ԵԱՏՄ-ին անդամակցությունից Ղրղզստանի առավելությունների մասին:

Դանիլ Իբրաևը, մասնավորապես, ընդգծել է. «Ղրղզստանի քաղաքացիների ու բիզնեսի համար դրական գործոններից է Ղազախստանի հետ սահմանին մաքսային վերահսկողության վերացումը: Սա պարզեցրել և արագացրել է սահմանն անցնելու գործընթացը: Կարևոր է նաև Հանրապետության միացումը ծառայությունների միասնական շուկային, որը 2015 թվականի հունվարի 1-ից Միության շրջանակներում գործում է 43 ոլորտներում, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ազատականացումից Ղրղզստանի քաղաքացիների ստացած առավելությունները»:

Դասախոսության ընթացքում ԵՏՀ Նախարարը Ղրղզստանի ուսանողներին, դասախոսներին և բիզնես ընկերակցությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է Հանձնաժողովի գործունեության, Միության գործունեության և խնդիրների մասին: Ինչպես նշել է Դանիլ Իբրաևը, «Եվրասիական տնտեսական միությունը ծավալում է այլ ինտեգրացիոն բլոկների և առաջատար տնտեսական տերությունների հետ կապեր հաստատելու աշխատանքներ»: Միության երկրներն, օրինակ, սատարել են «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» ստեղծելու Չինաստանի նախաձեռնությունը: Այս առնչությամբ ԵՏՀ Նախարարը նշել է. «Երկու նախագծերի համակցմանն ուղղված կուրսը վկայում է, որ ԵԱՏՄ պետություններն ու ՉԺՀ-ն ձգտում են փոխշահավետ համագործակցության ներդաշնակ ընդհանուր տարածքի ստեղծմանը: Սա թույլ կտա ավելի ամբողջապես բացահայտել Միության երկրների, այդ թվում` Ղրղզստանի` Չինաստանի ամենամոտ  հարևանի, տարանցիկ ներուժը, ստեղծել հուսալի ցամաքային կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև, Ղրղզստան և Միության այլ երկրներ ներգրավել ներդրումներ` նոր ավտոճանապարհների ու երկաթուղիների շինարարության և գոյություն ունեցողների արդիականացման համար »:

Դանիլ Իբրաևի խոսքով, Հանձնաժողովը հիմնական շեշտը դնում է ԵԱՏՄ նպատակների իրագործմանը.«անդամ պետությունների տնտեսությունների արդյունավետ զարգացման համար պայմանների ստեղծմանը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորմանը, գործարար ակտիվության և բարեխիղճ մրցակցության կայուն զարգացման ապահովմանը»: Ընդ որում, անդամ պետությունները «կայուն զարգացում» հասկացության մեջ ամրագրում են նաև էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման գաղափարն ու տրանսպորտի և ենթակառուցվածքի մասով ինտեգրման խորացումը: