Вход
ԵՏՀ նախարար Կարինե Մինասյան. «Հայաստանը պետք է աշխատի, առաջ ընթանա, պաշտպանի իր դիրքերն ԵԱՏՄ մյուս երկրների հետ հավասար մրցակցային պայմաններում»

ԵՏՀ նախարար Կարինե Մինասյան. «Հայաստանը պետք է աշխատի, առաջ ընթանա, պաշտպանի իր դիրքերն ԵԱՏՄ մյուս երկրների հետ հավասար մրցակցային պայմաններում»

01.04.2015

Մարտի 31-ին Երևանում կայացած «Եվրասիական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» միջազգային սեմինարի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը ներակայացրել է Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության նշանակությունը և Հայաստանից ԵԱՏՄ այլ անդամ պետությունների տարածք ապրանքների անարգել շարժն ապահովելու անհրաժեշտությունը՝ Միության գործարար հանրության շահերից ելնելով:

Սեմինարի կազմակերպիչներն են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու (Երևան) և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա): Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի փորձագետները և գիտական շրջանակների ներկայացուցիչները:

Իր ելույթում Կարինե Մինասյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի պետական մարմինների առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է՝ այնպես անել, որ հայկական գործարար հանրությունը չզգա իր վրա Միության երկրների հետ անմիջական սահմանի բացակայությունը: «Ապրանքները պետք է արագ և անարգել տեղափոխվեն Հայաստանից ԵԱՏՄ այլ երկրների տարածքներ, ապրանքաշրջանառությունը պետք է աճի», - համոզված է ԵՏՀ նախարարը: - Այն դեռևս լիարժեք իրացված չէ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ հիմա ադապտացիոն շրջան է: Անհարթություններն աստիճանաբար կվերացվեն: Եվ իհարկե, այժմ Հայաստանի արտահանման ներուժի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել ռուսական ռուբլու արժեզրկումը և Ռուսաստանի տնտեսության թուլացումը: Սակայն պետք է հասկանալ, որ դա բացարձակապես կախված չէ Միությանը երկրի անդամակցությունից: Ամեն դեպքում երկիրը կզգար այդ բացասական հետևանքը: Սակայն այժմ մենք հնարավորություն ունենք չորսով՝ ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել ծագած խնդիրները և իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել: Եվ Հայաստանը կարող է իրացնել հնարավորությունները, որոնք նրան տալիս է Միությանն անդամակցությունը:

Մասնավորապես, Կարինե Մինասյանի խոսքով՝ հանրպետությունը հնարավորություն ունի միանալ բոլոր կոոպերացիոն ծրագրերին: Այսօրվա դրությամբ արդեն հաստատվել է ավտոմոբիլաշինության ոլորտին առնչվող ծրագիրը: Ակտիվորեն քննարկվում է հաստոցաշինության և թեթև արդյունաբերության ոլորտներին վերաբերող ծրագիրը: «Հայաստանը պետք է ակտիվորեն ընդգրկվի գործընթացում և առաջարկի հատվածներ կամ ոլորտներ, որոնցում հանրապետությունը կարող է մասնակցել՝ ելնելով այդ ծրագրերի պարամետրերից, - ընդգծել է ԵՏՀ նախարարը: - Ընդ որում, Հայաստանը պետք է աշխատի, առաջ ընթանա, պաշտպանի իր դերքերը Միության մյուս երկրների հետ հավասար մրցակցային պայմաններում: ԵԱՏՄ-ում Հայաստանը հավասար է հավասարների մեջ: Պատահական չէ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա»: