Вход
ԵՏՀ-ում ստեղծվել է Ներքին շուկաների գործունեության վարչություն

ԵՏՀ-ում ստեղծվել է Ներքին շուկաների գործունեության վարչություն

01.03.2016

Մարտի 1-ին ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի № 1 որոշումը, որը նախատեսում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքում Ներքին շուկաների գործունեության վարչության ձևավորում:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկայում խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների հետևողական և արդյունավետ վերացման անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ԵԱՏՄ երկրների նախագահների կողմից: Հենց այդ նպատակով էլ ստեղծվում է նոր Վարչությունը, որի հիմնական խնդիրը Միության շրջանակներում միասնական շուկայի գործունեության ապահովումն է՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի իրականացմամբ:

«Տնտեսական գործունեության ոլորտներում, որոնցում Միության անդամ պետությունները պայմանավորվածություն են ձեռք բերել միասնական շուկաներ ձևավորելու մասին, ձեռնարկատերերը անարգել փոխադարձ առևտուր իրականացնելու իրավունք ունեն,նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանը: – Ներկայումս Հանձնաժողովը նոր մեխանիզմներ է ստեղծում փոխադարձ առևտրում խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների վերացման համար»:

Ըստ ԵՏՀ Նախարարի, առաջադրված նպատակներին արդյունավետ հասնելու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ բիզնես համայնքի ներկայացուցիչների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ակտիվ մասնակցությունն  այդ գործընթացին՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ զգայունությունը շուկայում առկա խոչընդոտների նկատմամբ: