Вход
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համագործակցության ծրագրերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համագործակցության ծրագրերը

01.03.2016

Փետրվարի 29-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 7-րդ նիստին, որը կայացել է ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայայի նախագահությամբ, քննարկվել են Հանձնաժողովի առաջարկները մակրոտնտեսական կայունության ապահովման տարածաշրջանային մեխանիզմների վերաբերյալ:

Նիստի մասնակիցները բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների կայունությունը բարձրացնելու նպատակով նաև քննարկել են մակրոտնտեսական և արժութաֆինանսական քաղաքականությունների ոլորտներում համագործակցության խորացման հարցերը, անդամ պետությունների տնտեսությունների առջև առավել սուր ծառացած կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Նիստին մասնակցել են Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ֆինանսատնտեսական բլոկի նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ներկայացուցիչներ և Հանձնաժողովի աշխատակիցներ: Նիստին առաջին անգամ ներկա էին Խորհրդատվական կոմիտեի՝ Միության նոր անդամներից՝ Հայաստանից և Ղրղզստանից ներկայացված անդամներ:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիների առանձնահատկությունը մի շարք գործոնների ու ցուցանիշների չափազանց բարձր փոփոխականությունն էր, որոնց հիման վրա ԵԱՏՄ երկրներում ձևավորվում են բյուջեները և մշակվում սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար օգտագործվող կանխատեսումների արտաքին չափանիշների քանակական արժեքների միջակայքերը նեղացնելու հնարավորությունը

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ առևտրի կանխատեսման ձևավորման մեխանիզմի մշակումը սկսելու վերաբերյալ, որի մասին նորմը ամրագրված է ԵԱՏՄ մասին պայմանագրում: Դիտարկվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 16-ի №28 որոշմամբ հաստատված ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրագործման մոտեցումները, ինչպես նաև Միության շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսությունների ոլորտները որոշելու աշխատանքների կատարումը: Նաև որոշումներ են ընդունվել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Միության գործող նորմատիվ իրավական բազայի արդիականացման և հետագա կատարելագործման անհրաժեշտության մասին:

Հանձնաժողովի միջնաժամկետ հեռանկարի ծրագրերում է մի շարք ուսումնասիրությունների անցկացումը և ինչպես քանակական, այնպես էլ որակական ինտեգրացիոն արդյունքները ավելի ճշգրիտ հաշվառելու հնարավորություն տվող չափանիշների մշակումը: Այդ ամենը թույլ կտա ձևավորել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման ցուցանիշների գնահատման կատարելագործված համակարգ:

«Նախորդ տարի ԵԱՏՄ մասին պայմանագիրը ստորագրելու պահի դրությամբ մենք ստիպված էինք փաստել, որ փոխադարձ առևտրի ցուցանիշները՝  հենց այն առանցքային գործոնն է, որի հիման վրա էլ մենք դատում ենք ինտեգրման արդյունքների մասին: Այսօր դա, անշուշտ, ոչ այնքան ճշգրիտ, եթե չասենք՝ միակողմանի մոտեցում է: Անհրաժեշտ է ավելի կատարյալ համակարգ, որը հաշվի կառնի մի շարք այլ չափանիշներ», - նշել է ԵՏՀ Ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:

Նիստի մասնակիցները դրական են գնահատել Հանձնաժողովի աշխատանքը, այդ թվում՝ հետազոտական և մեթոդաբանական աշխատանքները: ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաևան առանձին ընդգծել է այդ ասպեկտը. «Շատ բարձր եմ գնահատում Հանձնաժողովի գործունեությունը գիտահետազոտական մշակումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ»: Կոմիտեի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Հանձնաժողովի կողմից արդեն պատրաստված կամ ապագայում ծրագրվող հետազոտությունների արդյունքների փոխանակման մասին:

Խորհրդատվական կոմիտեի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Կոմիտեի հերթական նիստը 2016 թվականի հոկտեմբերին անցկացնելու մասին