Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:
Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ
երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը,
Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի
Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր
գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական
ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր
որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի
որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:
ԵՏՀ ստեղծման մասին որոշման հիմքում ընկած
է այն ըմբռնումը, որ հինգ երկրները միասին կարող են ոչ միայն նվազեցնել
գլոբալ անկայունության բացասական հետևանքները, այլև ակտիվորեն դիրքավորվել
արտաքին շուկաներում: Եվրասիական տնտեսական միությունը բաց է նրանում այլ
պետությունների մասնակցության համար, որոնք կիսում են այդ միավորման
նպատակները և պատրաստ են ստանձնել պահանջվող պարտավորությունները:
Հանձնաժողովի կարևորագույն
առանձնահատկությունն այն է, որ բոլոր ընդունվող որոշումները խարսխված են
կոլեգիալ հիմքի վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան բաղկացած է
10 անդամից (յուրաքանչյուր մասնակից երկրից Հանձնաժողովի Կոլեգիայի 2-ական
անդամ (Նախարար), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահն է:
Կոլեգիայի նախագահը և Կոլեգիայի անդամները
նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի
որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների
երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում
քվեարկության միջոցով:
ԵՏՀ գործունեությունը կառուցված է ըստ
գործառնական ուղղությունների, որոնք վարում են Կոլեգիայի անդամները
(Նախարարները): Յուրաքանչյուր ուղղություն իրենից ներկայացնում է տնտեսական
գործունեության ճյուղերի և ոլորտների բլոկ: ԵՏՀ Կոլեգիայի անդամներն ու
վարչություններն իրենց գործունեության ուղղության շրջանակներում
փոխգործակցում են իշխանության լիազորված ազգային մարմինների հետ:
Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում
են 23 վարչություններ: Դրանց կից ստեղծվել են 20 խորհրդատվական կոմիտեներ՝
ԵՏՀ Կոլեգիայի համար առաջարկություններ մշակելու և պետական իշխանության
ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու
նպատակով: Կոմիտեների նախագահները Կոլեգիայի անդամներն են (Նախարարները)՝
ըստ իրենց գործունեության ուղղությունների:
Հանձնաժողովն իր աշխատանքում սատարում է
առանցքային գործընկերների հետ համակողմանի երկխոսությունը: Երկխոսության
առաջին մակարդակը միջպետականն է, որը նախատեսում է որոշումների մշակման և
ընդունման գործընթացում իշխանության ազգային մարմինների հետ արդյունավետ
փոխգործակցության կառուցում: Երկխոսության երկրորդ մակարդակը գործարար
համայնքի հետ աշխատանքի ուղիղ ձևն է:
ԵՏՀ գործունեության հիմնական մասնագիտական
սկզբունքներն են ապաքաղաքականացվածությունը, շահերի հավասարակշռությունը,
արդյունավետությունը և թափանցիկությունը:
ԵՏՀ-ն ակտիվ դիրք է զբաղեցնում միջազգային
ասպարեզում՝ եվրասիական համայնքի գործունեության ներկայացման և
ինտեգրացիոն գործընթացներում եվրոպական ու ասիա-խաղաղօվկիանոսյան
տարածաշրջաններից առանցքային գործընկերների ներգրավման նպատակով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են.
- ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը և բաշխումը,
- երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը,
- արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը,
- մակրոտնտեսական քաղաքականությունը,
- մրցակցային քաղաքականությունը,
- արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները,
- էներգետիկ քաղաքականությունը,
- բնական մենաշնորհները,
- պետական և (կամ) մունիցիպալ գնումները,
- ծառայությունների փոխադարձ առևտուրը և ներդրումները,
- տրանսպորտը և փոխադրումները,
- արժութային քաղաքականությունը,
- մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների, աշխատանքների ու
ծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը և
պաշտպանությունը,
- աշխատանքային միգրացիան,
- ֆինանսական շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),
- մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորումը,
- մաքսային վարչարարությունը,
- տեղեկատվայնացումը,
- տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները,
- և այլն: